Թուրքիայի քրդական «Ժողովրդավարական շրջաններ» կուսակցությունը որոշում է կայացրել բոյկոտել երկրի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մայիսի 2-ին նախատեսված այցը քրդաբնակ Բաթման, Դիարբեքիր և Սիիրթ (Սղերթ): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը, կուսակցությունը որոշումը պայմանավորել է այն հանգամանքով, որ վերջերս Էրդողանն իր ելույթներից մեկում հայտարարել էր, թե երկրում «քրդական հարց գոյություն չունի»:

 

 

Կուսակցությունն Էրդողանի նման հայտարարությունն անհամատեղելի է համարել ներկայումս ընթացող թուրք-քրդական հաշտեցման գործընթացի համատեքստում: «Ժողովրդավարական շրջաններ» կուսակցության ներկայացուցիչները փաստել են, որ երկրի առաջնորդն իրեն շարունակում է պահել որպես կուսակցության ղեկավար և, քրդաբնակ շրջաններ այցելելով, փաստորեն, քարոզչություն է ցանկանում անել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին: Քրդամետ կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք Էրդողանի՝ Բաթման, Դիարբեքիր և Սիիրթ (Սղերթ) կատարած այցելությունների ժամանակ նրան չեն դիմավորելու և չեն հյուրընկալելու: