Կողոպուտի փորձ է տեղի ունեցել Գյումրու Սբ Աստվածածին /Յոթ Վերք/ եկեղեցում: Հանցագործը, կամ հանցագործները փորձել են տանել եկեղեցու գանձանակների գումարը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գրիշա սարկավագ Եղիազարյանը, ում վստահված է եկեղեցու բացման և փակման գործողությունը, նա առավոտյան ժամը 6:40-ին, ինչպես միշտ, բացել է եկեղեցու դուռը և նկատել, որ պատուհաններից մեկը բաց է՝ տակն էլ աթոռ, որից հետո տեսել է, որ գանձանակներից մեկի կողպեքը կոտրված է և բաց: Մյուս գանձանակը փակ է եղել, կողպեքը տեղում՝ այն բաց է եղել եռակցման տեղից: Գանձանակներից մի փոքր հեռու հայտնաբերվել է ուսապարկ՝ ինչպես հետո ոստիկաններն են պարզել, գանձանակների գումարով և լինգով, որով, հավանաբար, փորձել են բացել գանձանակը:

 

«Երեկոյան ժամը 19:00-ին ես փակել եմ դուռը: Եկեղեցում ամեն ինչ նորմալ էր: Ինչպես միշտ՝ եկեղեցին բացել եմ նույն ժամին և նկատել եմ կողոպուտի փորձը և ահազանգել ոստիկաններին: Եկեղեցույց միայն փորձել են տանել գանձանակի գումարը, ուրիշ ոչ մի բան: Ամեն ինչ տեղում է»,- նշեց Գրիշա սարկավագ Եղիազարյանը:

 

Ոստիկանները տեղում կատարում են տարածքի զննում: «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը կատարվածը չար մարդկանց արարք որակեց:

Արմենուհի Մխոյան