Ստեփանակերտի թիվ 3 ընտրատարածքի երրորդ ընտրատեղամասում քիչ առաջ իր ընտրությունը կատարեց ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ով ընտրատեղամաս էր այցելել կնոջ ուղեկցությամբ: Ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում Բակո Սահակյանն ասաց, որ հանգամանքը, որ ԼՂՀ ընտրությունները միջազգային ճանաչում չեն ստանում, դեռ չի նշանակում, որ Արցախում հուսահատվում են:

 

«Այս տարիների ընթացքում բազմիցս ցուցաբերել ենք հաստատակամություն, վճռականություն և կամքի ուժ, և դա մեզ օգնել է հաղթահարել դժվարությունները: Այս խորհրդարանական ընտրություններն իրենց էությամբ առանձնահատուկ են, քանի որ նպատակ են հետապնդում նպաստելու հաջողությունների արձանագրմանը: Ընտրությունների ադյունքում կունենանք ավելի արհեստավարժ խորհրդարան, և արհեստավարժ պատգամավորներն իրենց օրենսդիր գործունեությամբ ավելի արդյունավետ կերպով կնպաստեն երկրի զարգացմանը»,- ասաց Բակո Սահակյանը՝ հավելելով, որ ԼՂՀ իշխանությունները ընտրութ յունների անցկացմանը մոտեցել են այն սկզբունքով, որ պահպանվեն քաղաքակիրթ աշխարհի կողմից սահմանված բոլոր կանոնները:

 

«Բայց եթե նրանք չեն ճանաչում ընտրությունների արդյունքը, դա դեռ չի նշանակում, որ մենք չենք կարևորում այդ ընտրությունները:Դրանք առաջին հերթին անհրաժեշտ են մեր երկրին, մեր քաղաքցիներին»,- եզրափակեց ԼՂՀ նախագահը: