Գերմանիայի Բունդեսթագի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ալբերտ Վայլերը երկրորդ անգամ է այցելում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ասում է, որ յուրաքանչյուր այցելությունից տպավորված է ժողովրդավարական այն մոտեցմամբ, որ առկա է հայկական երկրորդ հանրապետությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վայլերը Ստեփանակերտում է ԼՂՀ-ում 6-րդ գումարման ԱԺ-ի ընտրություններին հետեւելու համար: «Շատ լավ է, որ ընթանում են նման ընտրություններ, սակայն պետք է փաստեմ, որ միայն ժողովրդավարական ընտրություններով պայմանավորված չէ Արցախի միջազգային ճանաչումը: Դա պայմանավորված է այլ պետությունների հետ համագործակցությամբ: ԼՂ-ն չի կարող միայնակ հասնել միջազգային ճանաչմանը: Պետք է բազմաթիվ բանակցություններ ընթանան այլ երկրների եւ հատկապես հարեւան երկրների հետ: Դա, իհարկե, դժվար հարց է, սակայն շատ անհրաժեշտ»,- ասաց Վայլերը' հավելելով, որ իր վերջին այցելությունից հետո շատ բան է փոխվել Արցախում. նոր շինություններ կան եւ զգացվում է, որ երկիրը գնում է զարգացման ճանապարհով:

 

Բուդեսթագի պատգամավորը շեշտում է, որ մայիսի 2-ին առանձնազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ եւ քննարկել է ԼՂՀ-ում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները: «Երեկ նախագահի հետ առանձնազրույց եմ ունեցել եւ տեղեկացրել, որ մայիսի 20-ին կկայանա հայ-գերմանական ֆորում, որի ընթացքում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ նաեւ այս ընտրությունների արդյունքները»,- ասաց պատգամավորը:

 

Վայլերը շեշտում է, որ հետեւում է արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին եւ խիստ մտահոգված է սահմանային միջադեպերով: «Հետևում եմ, տեղյակ եմ, թե ինչ է կատարվում սահմանին: Աչալրջությամբ հետեւել եմ խոցված ուղղաթիռի պատմության զարգացումներին: Բացասական եմ գնահատում սահմանային միջադեպերն ու կարծում եմ, որ մենք ինչ-որ կերպ պետք է օգնենք եւ մեր աջակցությունը տրամադրենք որպեսզի սահմանային լարվածությունը նվազի»,- եզրափակեց Վայլերը: