Ստեփանակերտի 4-րդ ընտրատարածքի թիվ 5 ընտրատեղամասը տեղակայված է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի շենքում: Ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Միքայելյանն «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ ընտրական հանձնաժողովն իր աշխատանքներն սկսել է առավոտյան ժամը 7-ին, իսկ ընտրատեղամասը բացվել է ժամը 8-ից: Ընտրատարածքի նախագահը հավաստիացրել է, որ ընտրական գործընթացը նորմալ հունով է ընթանում' առանց միջադեպերի, ինչն արժանացել է ընտրատեղամաս այցելած տեղական ու միջազգային դիտորդների գոհունակությանը:


Վլադիմիր Միքայելյանը տեղեկացրել է, որ ընտրատեղամասում գրանցված 921 ընտրողներից ժամը 17-ի դրությամբ քվեարկել է մոտ 475 քաղաքացի: Ըստ ընտրական հանձնաժողովի նախագահի՝ առավոտից մինչև կեսօր քվեարկությունն ակտիվ է ընթացել, սակայն կեսօրից հետո մի փոքր դանդաղել է ընտրողների հոսքը, ինչ մասամբ կապված է տեղացող անձրևի հետ: Այժմ աստիճանաբար ընտրողների ակտիվությունը վերականգնվել ու շարունակվում է:

 

 

Թիվ 4/5 ընտրական տեղամասի' ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններին համամասնական և մեծամասնական ցուցակով առաջադրված «Ազատ հայրենիք» կուսակցության վստահված անձ Արամ Միրզոյանը նշել է, որ ամեն ինչ նորմալ է ընթացել' առանց լուրջ միջադեպերի ու խախտումների: Ընտրախախտումների և ընտրական գործընթացի կազմակերպչական թերությունների բացակայության մասին հավաստել է նաև Ազգային վերածնունդ կուսակցության ներկայացուցիչ Նորայր Պետրոսյանը:

 

 

«Ամեն ինչ լավ է ընթանում: Թերացումներ և խախտումներ չեմ նկատել ու բողոքներ չունեմ, եթե այսպես շարունակվի, կարող ենք ասել, որ այս ընտրությունները մեր ընտրատարատեղամասում շատ լավ են անցել: Մնում է սպասել արդյունքներին»,- ասել է «Շարժում-88» կուսակցության վստահված անձ Սուսաննա Հակոբյանը:

 

 

Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ընտրող, թոշակառու Վիկտոր Գասպարյանը նշել է, որ ընտրությանը մասնակցել և քվեարկել է այն հույսով, որ էլ ավելի ամրապնդվի խաղաղությունը, ստեղծվեն աշխատատեղեր և արցախցին կարողանա արդար քրտինքով ապրել ու շենացնել իր հայրենիքը: