Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դիմել է Բարձրագույն ընտրական հանձնաժողով' կոչ անելով նախազգուշացնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և համապատասխան միջոցներ ձեռնարկել նրա գործողությունների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, կուսակցության ներկայացրած բողոքի մեջ նշվում է, որ երկրում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Էրդողանը Ղուրանը ձեռքում հանրահավաքներ է իրականացնում, որոնց ժամանակ քննադատություններ է հնչեցնում ընդդիմադիր կուսակցությունների հասցեին: Նա այդպիսի տասը հանրահավաք արդեն արել է:

 

 

Քրդամետ կուսակցության խորին համոզմամբ' նման կերպ Էրդողանը խախտում է Ընտրական օրենսգիրքը, Սահմանադրության դրույթները և հակառակ անկողմնակալության վերաբերյալ որպես նախագահ տված երդումին' իրեն դրսևորում է իբրև կուսակցության ղեկավար: