ՀՀ ֆինանսների փոխանախարար Վախթանգ Միրումյանի կարծիքով՝ եկամտահարկի ու շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ առաջարկող նախագիծը նպատակ ունի խթանել ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում:

 

Այսօր փոխնախարարին լրագրողները հարց ուղղեցին՝ արդյոք չի՞ ստացվում, որ արտագնա աշխատողները հարկային բեռի տակ են ընկնում, փոխնախարարն ասաց. «Սա խոպանչիներին հարկման դաշտ բերել չի, սա աշխատուժը հարկել չի, իսկ մեր քայլերը որևէ կերպ չեն հակասում իրավապայմանագրային դրույթներին»:

 

Արդյոք Ռուսաստանի հետ համաձայնեցվե՞լ է, թե՞ ոչ հարցին պատասխանեց. «Ի՞նչ կարիք կա համաձայնեցնելու, յուրաքանչյուր երկիր գործում է իր իրավապայմանագրային դաշտի սահմաններում: Հայաստանը որևէ սահմանափակում չունի շահութահարկի ու եկամտահարկի ցանկացած դրույքաչափ սահմանելու հարցում: ԵՏՄ անդամակցության պայմանագրով ևս ուղղակի հարկերի մասով դրույքաչափերի ներդաշնակեցման որևէ պարտավորվածություն չկա»: Վախթանգ Միրումյանը նաև ավելացրեց, որ մանրամասն ուսումնասիրել են ԵՏՄ համաձայնագիրը, երկրների միջև կրկնակի հակումը բացառող համաձայնագրերը, այնպես որ, այդ մասով մտահոգություններ չկան:

 

Հարցին ի պատասխան, թե երկրորդ ընթերցմամբ նախագիծը խորհրդարան բերելիս ի՞նչ շտկումներ կարվեն' Վախթանգ Միրումյանը նշեց, որ կփորձեն շտկել այն բառերը, որոնք միգուցե պատճառ են հանդիսացել տարընկալումների, բայց գլոբալ առումով նախագիծն արտացոլում է այն, ինչ ինքը ներկայացրել է: