ՀՀ պաշտպանություն փոխնախարար Արա Նազարյանը վստահեցնում է, որ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա ուսանող Հայկազ Բարսեղյանին դաժանորեն սպանածներն արդար պատիժ կկրեն: Այս մասին փոխանախարարը հայտնեց ԱԺ ամբիոնից' պատասխանելով ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի բարձրացրած մտահոգությանը: «Մոտ քսան օր առաջ ես հանդիպել եմ խոշտանգված ու դաժանորեն սպանված երիտասարդի ծնողների հետ, ովքեր լրջագույն մտահոգություն հայտնեցին: Նրանք մտահոգված են, որ Ռազմական ակադեմիայի նախկին փոխտնօրենը, ում տղան ուղղակիորեն կապ ունի հանցագործության հետ, կողմնակի փորձում է ճնշում գործադրել քննության վրա' իր տղայի պատիժը հնարավորիս մեղմացնելու համար: Ես կուզենայի, որ եթե դուք ունեք համապարփակ տեղեկատվություն գործի մասին, ներկայացնեք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

 

Փոխնախարարն էլ հայտնեց, որ ինքը ևս հանդիպել է սպանված կուրսանտի ծնողների հետ, լսել նույն մտահոգությունները: «Հարցն արդեն մեր լիազություններից դուրս է, բայց մեր վերաբերմունքից դուրս չէ: Այդ ոճիրը մեր ուշադրության կենտրոնում է, մենք ինքներս էլ հետամուտ ենք լինելու, որ արդար պատժի ենթարկվեն մեղավորները: Զինվորական դատախազի դիրքորոշումը նույնն է, քննիչի դիրքորոշումը նույնն է: Սա ոչ միայն հասարակական հնչեղություն ունեցող հարց է, այլև մեր Զինված ուժերի հետ հապված խնդիր է»,-ասաց Արա Նազարյանը:

 

 

Նրա խոսքով' իրենց շահերից էլ է բխում, որպեսզի որևէ մեկը դուրս չմնա գործի քննությունից: «Վկաների մասով պաշտպանության մեխանիզմներ են ձեռնարկված, որ նրանց վրա ազդեցության լծակներ չլինեն: Ժամանակից առաջ չընկնեմ, բայց, իմ կարծիքով, ապացույցները պետք է որ բավարար լինեն»,-շեշտեց փոխանախարարը:

 

 

Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, պաշտոնյաների երեխաները պետք է ավելի զուսպ ու դաստիարակված լինեն' պատասխանատվության ավելի մեծ զգացումով: «Ինչ կապ ունի ում տղան է, ում տղան չէ, լծակ ունի, չունի: Ընդհակառակը, եթե պաշտոնյայի տղա է, պետք է ավելի մեծ պատասխանատվություն ունենա և հայրը, և որդին: Մի պաշտնյա էլ մենք ենք, մեր երեխաները պետք է շատ ավելի զուսպ լինեն, չափի մեջ, դաստիարակված: Հասկանան, որ իրենց ծնողներին այդ պաշտոնը տրված է ոչ թե վայելելու համար, այլ նրանք դրա համար պարտավորություն ունեն»,-ասաց Էդուարդ Շարմազա նովը:

 

 

2015 թվականի հունվարի 29-ին զորամասի մարզահրապարակում պտտաձողի վրա պարանով կախված էին գտել 19-ամյա ուսանող Հայկազ Բարսեղյանին, ում ինչպես հետագայում պարզվեց, դաժանորեն սպանել են։