Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգթոն կատարած այցի ընթացում The Washington Post թերթի հետ զրույցում մեկնաբանել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության որոշումը' այն համարելով պրագմատիկ: «Հայկական կոնյակն իրականում չի կարող վաճառվել Փարիզում: Սակայն այն լավ է վաճառվում Ռուսաստանի Դաշնությունում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասել է հանրապետության նախագահը:

 

Հայաստանի արտահանման մեկ երրորդը բաժին է ընկնում Ռուսաստանին և նրա գործընկերներին, այդ թվում' գյուղատնտեսական արտադրանքը, որոնցից կախված են հազարավոր աշխատատեղեր: Ավելին, Ռուսաստանը բնական գազ է վաճառում շրջափակված և աղքատ էներգետիկ ռեսուրսներ ունեցող Հայաստանին «բավական լավ գնով»:

 

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է ձգտել լավ հարաբերություններ ունենալ Եվրոպական միության հետ: Սակայն ազատ առևտրի համաձայնագիրը, որը պետք է կնքվեր Եվրոպայի հետ, շատ հնարավորություններ չէր կարող ընձեռել, հատկապես քանի դեռ Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ շարունակում է փակ մնալ:

 

ՀՀ Նախագահի մեկնաբանմամբ' այդ պարագայում Հայաստանի տնտեսությունից կպահանջվեր ավելի քան 10-15 տարվա զարգացում, որպեսզի մեր երկիրը կարողանար օգուտներ քաղել Եվրոպայի հետ կնքված ազատ առևտրի ռեժիմից: «Սակայն մինչ այդ պետք է ինչ-որ ձև գոյատևել, և մարդիկ պատրաստ չեն տուժել այս երկար ժամանակահատվածում»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

 

Նա նաև հավելել է, որ Հայաստանը և բնակչությունը ներկայումս շատ վնասներ են կրում Ռուսաստանի և Արևմուտքի պառակտումից. Նվազել են Հայաստանի արտահանման ծավալները Ռուսաստան, Ռուսաստանից կատարվող ներդրումները Հայաստան և Ռուսաստանում աշխատանքի գնացած հայերի դրամական փոխանցումները, որ կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի մեկ հինգերորդը: Այս ամենը վնասում է 3 միլիոն բնակչություն ունեցող երկրին, որը 2013 թվականին 152-րդն էր մեկ մարդուն բաժին ընկնող եկամուտի համաշխարհային ցուցանիշով:

 

«Սակայն եթե մենք չմտնեինք Եվրասիական տնտեսական միություն, մենք կունենայինք ավելի ցավոտ խնդիրներ»,- հավելել է Սերժ Սարգսյանը:

 

Պատասխանելով The Washington Post-ի թղթակցի' Օբամայի կողմից ցեղասպանություն բառը կրկին չարտասանելու որոշման մասին հարցին, ՀՀ Նախագահը դիվագիտական դիտարկում է արել. «Կարծում եմ' եթե նա ասեր (ցեղասպանություն բառը-խմբ.), դա օգտակար կլիներ: Միացյալ Նահանգները պետք է արժեքները վեր դասի շահերից»: