«Քաղաքական գործընթացը գնում էր շատ ձանձրալի, և անհնար էր գուշակել, որ նման բան կլինի: Բնականաբար, չենք կարող ասել՝ ներսից էր, դրսից, էր, հյուսիսից թե հարավից, չնայած թեկնածուն ինքը «ռուսական իմպերիալիզմի» հատուկ ծառայություններին է մեղադրել: Եթե իրենք ուզենային վերացնել, կվերացնեին. տասնյակ մարդկանց ոչնչացնող հատուկ ծառայությունների համար մեկ մարդուն ոչնչացնելը հեշտ է»,- նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի մասին ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Իշխանությունը, ըստ փորձագետի, ձախողվել է. «Իշխանությունների առջև խնդիր կար՝ ապահովել որակյալ մրցակցություն, որը չեղավ, սա քանակական է: Պետք է ընտրական գործընթացը խաղաղ ճանապարհով գնար, դա էլ չգնաց: Իշխանությունը երկուսն էլ չի ապահովել: Իսկ ինչպես կգնահատեն այս ամենը դրսում, դա կապված է այն զիջումների քանակից ու որակից, որ կանի ՀՀ իշխանությունը»:

Արմեն Բադալյանի խոսքերով՝ մահափորձով նախընտրական իրավիճակ չփոխվեց, ևս մեկ-երկու օր կխոսեն այդ մասին և կրկին անցում կկատարեն ձանձրալի քարոզարշավին: «Եթե դիմեն ՍԴ, միևնույն է՝ ՍԴ-ն կորոշի այնպես, ինչպես ուզում է Բաղրամյան 26-ը»,- ասել է քաղտեխնոլոգն ու հավելել, որ եթե անգամ նոր ընտրություն նշանակվի, միևնույն է՝ այս թեկնածուներով արդյունքը կանխորոշված է լինելու. «Հայրիկյանն այն գործիչը չէ, որ բռնի ուժով նրան դուրս բերելը ազդեր կանխորոշված արդյունքների վրա»:

Արմեն Բադալյանը նշել է նաև, որ ընտրության գործընթացներում մեզանում դեր չի խաղում նաև ծրագիր ներկայացնելը. «Ընտրությունը քննություն չէ, ընտրողը գիտխորհրդի անդամ չէ, ծրագիրն էլ՝ դիսերտացիա: Ծրագիրը փոքրիկ տարր է ընտրական գործընթացի ժամանակ: Ոչ թե ծրագրերն ու մարդիկ են պայքարում ընտրությունների ժամանակ, այլ՝ ռեսուրսները»:

Քաղտեխնոլոգն ինքը չի մասնակցելու ընտրություններին՝ դրանք համարելով թատերական ներկայացում: