Ազատ մամուլին սատարող Լոնդոնյան «Frontline club» կազմակերպության Բուխարեստի մասնաճյուղի նախաձեռնությամբ Բուխարեստի «Institute The Cafe» բանավեճի ակումբում անցյալ ուրբաթ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին: Միջոցառմանը ցուցադրվել է «Amazing Azerbaijan» հեգնական վերնագրով վավերաֆիլմը, որում ներկայացվում են պաշտոնական Բաքվի կողմից լրագր ողների հանդեպ հետապնդումները: Ֆիլմին հաջորդած քննարկումներին մասնակցել են Բաքվում «IREX» միջազգային ՀԿ նախկին ղեկավար Անջելա Նիկոարան/Angela Nicoara, «Ազատ լրագրության կենտրոն»-ի տնօրեն, 2013-ին Եվրոպայի տարվա քաղաքացի մրցանակին արժանացած ականավոր լրագրող Յոանա Ավադանին/Ioana Avadani, Ռումինիայում հայտնի տասնյակ լրագրողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

 

 

Բանախոսներից Անջելա Նիկոարան նշել է, որ քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների հետ միասին իրեն վտարել են Ադրբեջանից՝ մեղադրելով Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ, մինչդեռ պատերազմի և հայերի դեմ ատելության քարոզչությունն ամենուր է և հիմք է հանդիսանում Ալիևների կլանի իշխանության համար: Ըստ Նիկոարայի, ներկայումս Ադրբեջան այցելող բոլոր լրագրողներին զգուշացնում են, որ ցանկացած տեսակի քննադատության կամ իշխանությունների պահանջներին չհամապատասխանող գործելաոճի համար տեղի իշխանություններն իրավունÖ „ են վերապահում կասեցնել մուտքի արտոնագրի ուժը և երկրից վտարել տվյալ լրագրողին: Լրագրողը նշել է, որ Ադրբեջանից ցանկացած տեսակի ազատ տեղեկատվություն ստանալը գործնականում անհնարին է դառնում՝ համեմատական եզրեր տանելով Հյուսիսային Կորեայի հետ:

 

 

Բանավեճին վիդեոկապով մասնակցել է նաև Վաշինգտոնում գտնվող ադրբեջանցի վտարանդի ընդդիմադիր լրագրող Էմին Միլլին/Emin Milli, ով նախագահ Ալիևին քննադատելու համար ազատազրկման է դատապարտվել և երկար ժամանակ թաքնվել է Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպանատանը: Միլլին Ալիևների ռեժիմը բնութագրել է որպես նեոտոտալիտար, և կոչ է արել տեղի հասարակական շրջանակներին բոյկոտել Բաքվում անցկացվելիք Եվրոպական օլիմպիական խաղերը և ահազանգել իր հայրենիքում մարդու իրավունքների խայտառակ իրավիճակի մասին: Որպես օրինակ՝ նա պատմել է «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ադրբեջանցի լրագրող Հադիջա Իսմայիլովայի պատմությունը, ով, չընկրկելով պետության կողմից բազմաթիվ սպառնալիքների և հասարակական նվաստացման առաջ, շարունակել է հետաքննել Ալիևների կլանի ունեցվածքը և արդյունքում հայտվել է անազատության մեջ:

 

 

Անդրադառնալով Ադրբեջան-Ռումինիա և Ադրբեջան-ԵՄ հարաբերություններին՝ բանախոսները նշել են, որ Ադրբեջանի ընկալումը որպես Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացիայի ապահովման գործիք և ռուսական գազի փոխարինող՝ առասպել է, որը հորինված է ադրբեջանական լոբբիի կողմից. ներկայումս Ադրբեջանը մատակարարում է ԵՄ տարեկան սպառման 2%-ը՝ նավթի տեսքով, իսկ մինչև 2020թ. հեռանկարով կարող է ապահովել ԵՄ գազի սպառման 4%-ը, և այսպիսով չի կարող փոխարինող հանդիսանալ 30% մասնաբաժին ունեցող ռուսական գազին: Բանախոսները նշել են, որ Ադրբեջանի իշխանությունները լայնորեն օգտվում են Եվրոպայում և Ռումինիայում գործող կոռումպացված գործիչների ծառայություններից, մասնավորապես, Եվրախորհրդարանում: