Հայաստանի ներսում բոլոր սպառողների համար գազի սակագինը չի փոփոխվելու: Այս մասին մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում սահմանի վրա գազի գինը Հայաստանի համար նվազեցվել է 25 դոլարով՝ ընդգծելով, որ դրա արդյունքում ներքին սպառողների համար գազի սակագինը չի փոխվելու: «Այդ գումարներն ուղղվելու են գազի համակարգում վերջին շրջանում փոխարժեքի տատանումների հետևանքով առաջացած վնասների փոխհատուցմանը, ինչպես նաև համակարգում որոշակի ներդրումների իրականացմանը»,- ընդգծեց Զախարյանը:

 

Նա նշեց, որ ՀՀ Նախագահի ջանքերով Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում հաջողվեց հասնել նրան, որ Հայաստանում գազի սակագինը չթանկանա: Նա նաև նշեց, որ կառավարությունը էական ջանքեր է գործադրել, որպեսզի էլեկտրաէներգիայի սակագինը չթանկանա, սակայն դա արդեն կառավարությունից կախված չէ:

 

Զախարյանի խոսքով՝սակագների բարձրացումը կախված չէ ՀՀ կառավարությունից, քանի որ երկիրը չունի սեփական էներգակիրներ, էներգետիկ համակարգում կան հաստատուն ծախսեր, որոնք պետք է իրականացվեն, աշխատավարձերը համեմատած այլ երկրների հետ ավելի ցածր է, ուստի սակագների վերանայման անհրաժեշտություն առաջանում է: