Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը Հայաստանի համար նոր հնարավորություն կլինի իր արտադրանքը Վիետնամի շուկա արտահանելու առումով: Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Անդրեյ Սլեպնյովը: «Ես տեղեկացել եմ, որ այս պահին Հայաստանի և Վիետնամի միջև առևտուրը գրեթե զրոյական մակարդակի վրա է՝ տարեկան ընդամենը 60 հազար դոլարի շրջանակում: Այս համաձայնագիրը նոր հնարավորություն կլինի Հայաստանի համար իր արտադրանքը Վիետնամի շուկա հանելու համար, որն Ասիայի մեծ շուկաներից մեկն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սլեպնյովը:

 

 

Սլեպնյովը նկատեց, որ Վիետնամի հետ ազատ առևտրի համաձայնագիրը կլինի առաջինը, որը ԵԱՏՄ-ն կկնքի երրորդ երկրի հետ: Նա հայտնեց, որ համաձանագիրը կստորագրվի մայիսի 29-ին, երբ կկայանա ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերի հանդիպումը, որին կմասնակցի նաև Վիետնամի վարչապետը: «Մենք այսօր Հայաստանում գործարարների հետ քննարկել ենք այդ համաձայնագրի հիմնական դրույթները, այն հնարավորությունները, որ կարող է տալ մեզ Վիետնամի հետ ազատ առևտրի պայմանագիրը: Առաջիկայում մենք կհրապարակենք նաև զեկույց, որը հասանելի կլինի նաև մամուլի և հանրության համար, որում մանրամասն կներկայացվեն համաձայնագրի հիմնական դրույթները և հնարավորությունները»,- ասաց Անդրեյ Սլեպնյովը: