«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագիրը հավակնում է դառնալ տարածաշրջանային: Այս մասին հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը մայրուղու կառուցման ընթացքի վերաբերյալ Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ: «Այս ճանապարհից օգտվելու են ոչ միայն մեր հայրենակիցները, այլև ծրագրի կարևոր նպատակներից է այն դարձնել տարածաշրջանային: Մենք աշխատանքներ ենք տանում, որ մեր հարևան երկրները' Վրաստանն ու Իրանը, միանան այս ծրագրին, այն ապահովի Հայաստանի' որպես տարանցիկ երկրի դառնալու խնդիրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց փոխնախարարը: Նրա տեղեկացմամբ' Իրանի հետ բանակցությունների արդյունքում կազմվել է փոխըմբռնման հուշագիր, որն ուղարկվել է իրանյան գործընկերներին: «Շուտով հուսով եմ՝ դա կստորագրենք գործընկերների հետ ու կկարողանանք հայ և միջազգային հանրության առաջ ներկայացնել այն որպես տարածաշրջանային ծրագիր: Վրացի գործընկերների մոտ այս հարցերը ևս բարձրացվում են, նրանք քաջ գիտակցում են, որ սա կարևոր ծրագիր է, ու կարևոր է իրենց համար որպես տարանցիկ երկիր հանդես գալու առումով»,- նշեց Արթուր Առաքելյանը:

 

Փոխնախարարը հայտնեց, որ ծրագրի հավակնոտ գաղափարներից է կապել Պարսից ծոցը Սևծովյան նավահանգիստների հետ' կրճատելով բեռների փոխադրման ժամանակահատվածը շուրջ 1-1.5 ամսով:

 

Արթուր Առաքելյանը, անդրադառնալով մայրուղու տարբեր հատվածներում իրականացված ու ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին, նշեց, որ այսուհետ ծրագրի իրականացումն ակտիվանալու է. միաժամանակ կառուցելու են ճանապարհի՝ հյուսիսային ու հարավային հատվածները: Փոխնախարարը կարևոր համարեց այն, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցումը թույլ կտա Հայաստանի հյուսիսից-հարավ ճանապարհը կրճատել 60 կիլոմետրով: «Այստեղ անհրաժեշտ եմ համարում ասել, որ կառուցվելու է բարձր ստանդարտներին համապաստախան ճանապարհ, ինչը թույլ կտա ունենալ հարմարավետ ճանապարհ, որտեղ կարագանա նաև ընթացքը»,- ասաց փոխնախարարը:

 

Արթուր Առաքելյանն ընդգծեց այն հանգամանքը, որ Ասիական զարգացման բանկի դրամաշնորհով Հայաստանը կունենա բարձր ստանադարտներին համապատասխան լաբորատորիա, որը հնարավորություն կտա առավել բարձր մակարդակում ստուգել կատարված աշխատանքների որակը: