Բարձրագույն կրթության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության թեմատիկայով Ֆրանսիայում հունիսի 5-ին տեղի կունենա աշխատանքային հանդիպում: Այս մասին Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Ֆր անսիայի վարչապետին առընթեր բարձրագույն կրթության հարցերով պետքարտուղար Թիերի Մանդոնը:

 

 

«Բոլոնիայի գործընթացը սերտ շփում է ապահովում, և սա շատ կարևոր է: Կարծում եմ, այն աշխատանքը, որ կատարվել է Հայաստանում երեք տարում, պետք է օրինակ ծառայի հետագա նմանատիպ գործունեության համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Թիերի Մանդոնը:

 

 

Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է կրթական ոլոտում, ապագային ուղղված ներդրում է: «Այն ամենը, ինչ կրթական ոլորտին է առնչվում, գերակա նշանակություն ունի Ֆրանսիայի համար»,-եզրափակեց նա:

 

 

Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակներից է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծումը, որը կոչված է խթանելու Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի մրցունակությունը և գրավչությունը, ինչպես նաև ուսանողների շարժունությունն ու աշխատանքի հնարավորությունները: Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են եռաստիճան կրթական համակարգը, որակավորումների շրջանակը, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգը, դիպլոմի հավելվածը, որակի ապահովումը, փոխճանաչումը, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցումը: