Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կինը' Սարե Դավութօղլուն, արգելել է ամուսնուն խոսել. պատճառը վերջին հանրահավաքներից հետո վարչապետի ձայնի կտրվելն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

 

Պարբերաբար օրական երեքական հանրահավաք անցկացնող և առջևում քարոզչության համար դեռևս 22 օր ունեցող Դավութօղլուի ձայնալարերը չեն դիմացել ծանր ժամանակացույցին: Վերջին հանրահավաքներին նա դժվարությամբ է խոսել ձայնով: Որպեսզի Թուրքիայի վարչապետի ձայնալարերը վերականգնվեն, Սարե Դավութօղլուն արգելել է նրան որևէ բառ ասել մի նահանգից մյուսը գնալու ճանապարհին: Նշվում է, որ վարչապետն ամենայն լրջությամբ հետևում է կնոջ կարգադրությանը:

 

Թուրքական պարբերականը հաղորդում է, որ նմանօրինակ միջադեպ պատահել էր նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, երբ վերջինս իր վարչապետության շրջանում քարոզարշավ էր իրականացնում: Ձայնալարարի վնասման արդյունքում նա անգամ չեղյալ էր հայտարարել նախապես որոշված մի քանի հանրահավաք: