«Լրագրողներ առանց սահմանների» (RWB) կազմակերպությունը հորդորել է Ադրբեջանի իշխանություններին Եվրոպական խաղերից առաջ ազատ արձակել բոլոր բանտարկված լրագրողներին և բլոգերներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

 

 

Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ կոչ է արվում Եվրոպայի օլիմպիական կոմիտեին՝ դատապարտել Ադրբեջանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող բռնությունները: «Անթույլատրելի է, որ Ադրբեջանի իշխանությունները ներկայանան որպես խոշորագույն սպորտային իրադարձության տանտերեր' միևնույն ժամանակ մեկուսացնելով լրագրողներին նրանց հետաքննությունների և քննդատական նյութերի համար: Եվրոպական օլիմպիական կոմիտեն չպետք է դառնա Ադրբեջանի հանցակիցը, և պետք է հստակ քննադատի ազատ մամուլի նկատմամբ կիրառվող բռնությունները Եվրո պական խաղերից առաջ»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Գերմանիայի հարցերով գործադիր տնօրեն Քրիստիան Միրը:

 

 

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության ինդեքսում Ադրբեջանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 160-րդ հորիզոնականը: Երկրում ճաղերի հետևում են գտնվում շուրջ տասը լրագրող և բլոգեր: