Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը նոր փուլ կթևակոխի Ռիգայի գագաթնաժողովից հետո, իսկ առաջիկա մեկ տարվա ընթացքում ավելի կհստակեցվեն փոխգործակցության ծրագրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին ընդառաջ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը: «Նախորդ գագաթնաժողովից հետո անմիջապես սկսեցին շրջանառվել խոսակցություններ, որ Հայաստանի հետ ամեն դեպքում, չնայած Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու որոշմանը, անհրաժեշտ է ստեղծել համագործակցության նոր ձևաչափ: Իհարկե, այն պետք է համաձայնեցված լինի այն պարտավորությունների հետ, որոնք Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ անդամակցությամբ: Այսինքն' այդ համագործակցությունը չի կարող ունենալ առևտրատնտեսական բնույթ: ԵՄ-ի հետ համագործակցության ձևաչափը նոր կլինի: Ես կարծում եմ, որ առաջիկա գագաթնաժողովին այդ մասին ինչ-որ հռչակագիր կամ որևէ փաստաթուղթ կլինի, իսկ առաջիկա մեկ տարվա ընթացքում կհաստակեցվեն համագործակցության ծրագրերը, թե կոնկրետ ինչ գործիքներով են համագործակցելու Հայաստանն ու Եվրամիությունը»,-ասաց Նարեկ Գալստյանը:

 

Քաղաքագետի խոսքով' Հայաստան-ԵՄ համագործակցության հիմնական հարթակը կկազմեն երեք ոլորտներ' քաղաքական, վարչական-վարչարարական և հումանիտար: Քաղաքական ասպարեզում քայլերն ուղղված կլինեն ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, վարչական-վարչարարականում' կառավարման համակարգի օպտիմալացմանը, իսկ հումանիտար' սոցիոմշակութային ոլորտում հիմնական շեշադրումը կլինի հատկապես կրթական ծրագրերի վրա:

 

Նարեկ Գալստյանի դիտարկմամբ' Եվրոպական միությունը փոխել է երկրների հետ վարվող քաղաքականության տրամաբանությունը' ցուցաբերելով տարբերակված մոտեցում: «Եվրոպական միությունն ինքը հայտարարել է, որ իր նախկին մոտեցումը, մեր լեզվով ասած, «բոլորին մեկ արշինով չափելը», չի արդարացրել իրեն, ու դա նրանց վաղուց զգուշացնում էին: Ի դեպ, Հայաստանի իշխանությունները կոչ էին անում Եվրամիությանն արձագանքել ամեն պետությանը' ըստ իր անհատական պահանջմունքների, կարիքների: Հիմա արդեն Եվրոպական միությունը հայտարարում է, որ ԵՄ-ն իր Արևելյան գործընկե րների հետ պետք է սկսի մի փոքր այլ տրամաբանություն կիրառել' հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, այսինքն' ամեն երկրին անհատական մոտեցում պետք է ցուցաբերի: Հասկանալի է, որ համագործակցության գործիքները նույնը կլինեն' նույն Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում առանձնացված գործիքները կլինեն, բայց դրանք կբաշխվեն' ըստ տվյալ պետության առանձնահատկությունների: Մի դեպքում' կլինի ակտիվ համագործակցություն, օրինակ, հումանիտար ոլորտում, մեկ ուրիշի դեպքում' կշեշտադրվեն քաղաքական բարեփոխումները և այլն»,-նկատեց քաղաքագետը:

 

Նրա խոսքով' Հայաստանը նախկին գագաթնաժողովի ժամանակ ակնկալում էր քաղաքական բնույթի համագործակցություն զարգացնել, ինչը եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծամասամբ կբավարարվի: Այդ համագործակցությունը, ըստ քաղաքագետի, բխում է թե Հայաստանի, թե Եվրամիության շահերից: «Հայաստանի դեպքում, մի կողմից' իմիջի վերականգնումն է, մյուս կողմից' Եվրոպական միության աջակցությունը օգտագործել սեփական բարեփոխումները խթանելու նպատակով: Իսկ Եվրամիության համար դա ինչ-որ տեղ անգամ կենսական նշանակություն ունի, քանի որ ԵՄ-ն ցանկանում է ամուր պահել այն կապուղին, որի միջոցով կկարողանա ազդել Հայաստանի քաղաքական զարգացումների վրա, կապ ունենալ Հայաստանի իշխանությունների հետ, հետևաբար նաև' տարածաշրջանային գործընթացների վրա որոշակի, ոչ էական ազդեցություն ունենալ»,- ասաց Նարեկ Գալստյանը:

 

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մայիսի 21-22-ին կանցկացվի Եվրամիության «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը: