ՀՀ կառավարությունը «Բարգավաճ Հայաստան» և Ռամկավար ազատական կուսակցություններին վարձակալությամբ տարածքներ կտրամադրի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 21-ի նիստի օրակարգում:

 

 

Հիմնավորման համաձայն՝ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են դիմել «Բարգավաճ Հայաստան» և Ռամկավար ազատական կուսակցությունները՝ Վարչության տնօրինության Երևան քաղաքի Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքից վարձակալությամբ տարածքներ տրամադրելու խնդրանքով:

 

 

Նախագծով նախատեսվում է ԲՀԿ-ին 5 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Հանրապետության փողոց 47 հասցեում գտնվող շենքից 628.83 քառ.մետր ընդհանուր մակերեսով նկուղային, 1-ին և 2-րդ հարկերը՝ ամսեկան 125 հազար դրամ վարձավճարով, իսկ նշված շենքի 215 քառ. մետր մակերեսով 3-րդ հարկը՝ 5 տարի ժամկետով, ամսեկան 50 հազար դրամ վարձավճարով վարձակալական հիմունքներով տրամադրել Ռամկավար ազատական կուսակցությանը: