Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննությունը: Նիստը սակայն երկու անգամ կես ժամով ընդմիջվեց: Նիստի սկզբում ներկա էր միայն ամբաստանյալ Հարություն Սամվելի Սարգսյանը: Չէին եկել ոչ նրա 3 փաստաբանները, ոչ տուժող կողմի:

Դատարանը նիստը հետաձգեց, որպեսզի կողմերը ժամանեն: Նշենք, որ Կարեն Եսայանի մոր՝ Անահիտ Իսկանդարյանի առողջական վիճակը վատթարացել է դատարանի դահլիճում, եւ նա ըստ երեւույթին չի կարողանա մասնակցել դատաքննությանը:

ԳԱԼԱ-ի լրագրողը փոխանցում է, որ այժմ սպասում են, որ ժամանեն նաեւ տուժող կողմի իրավահաջորդի փաստաբանները եւ նիստ կմեկնարկի:

Հավելենք, որ այս անգամ դատարանն, անվտանգության նկատառումներից ելնելով, բարդացրել է դատարան մտնելու կանոնակարգը: Պահանջում են անձը հաստատող փաստաթուղթ, ստուգում գրպաններն ու պայուսակները, այդ թվում լրագրողների:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ կողմերի միջեւ վիճաբանություն էր սկսվել, ինչպես դատարանի դահլիճում , այնպես էլ դրսում՝ նիստի ավարտից հետո: Ակնհայտ լարված մթնոլորտ է եւ թերեւս հենց սա է պատճառը, որ դատարանը հավելյալ միջոցներ է ձեռնարկել:

Նիստից այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ: