Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ կրակահերթը եղել է դիմահար: Այս մասինԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեցին Սյունիքի մարզպետարանի մամուլի բաժնից:

 

Հարցերին՝ պատասխան կրակահերթ եղե՞լ է, թե՞ ոչ, նկատե՞լ են՝ ո՞վ է կրակում, կա՞ արդյոք կասկածյալ, մամուլի բաժնից մեզ ասացին.

 

«Մանրամասների չենք տիրապետում: Կարող ենք միայն ասել, որ եղել են կրակոցներ՝ դիմահար ուղղությամբ: Գործը գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Քննություն է ընթանում: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ եղել է կրակահերթ՝ մեքենայի ուղղությամբ, իսկ կասկածներ, թե ով է, իհարկե չկան: Մենք չենք սկսելու մտածել և կասկածել, թե ո՞վ կարող էր կրակել»,- ասաց Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարությանը:

 

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, մայիսի 20-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ էր արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան։ Դեպքի առթիվ Քննչական ծառայության Հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում կատարվում է զննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Երևանից դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալը, քննիչներ, ոստիկանության քրեագետ-փորձագետներ, օպերատիվ խումբ։