ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբորը, որի կյանքի մասին չափազանց քիչ է հայտնի, մայիսի 20-ին Լոնդոնում նկատել են բրիտանական ռոք երաժշտության վետերան, հռչակավոր կիթառահար Էրիկ Քլեփթոնի համերգի ժամանակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 21-ին այս մասին հաղորդել է Ճապոնիայի TBS հեռուստաընկերությունը:

 

 

Նշվում է, որ հեռուստաալիքի օպերատորին հաջողվել է Կիմ Չեն Չհոլին, որն այժմ ենթադրաբար 34 տարեկան է, գաղտնի նկարահանել համերգային դահլիճի նախասրահում: ԿԺԴՀ-ի առաջնորդի եղբորն ուղեկցել է մի աղջիկ, նա ինքը հագած է եղել մարզաշապիկ, սև տաբատ և կաշվե կարճ բաճկոն:

 

 

2006 և 2011 թվականներին Կիմ Չեն Չհոլին տեսել են Գերմանիայում և Սինգապուրում. ամեն անգամ՝ Քլեփթոնի համերգներին: Որոշ տվյալներով՝ նա նաև երաժշտին հրավիրել է մասնավոր համերգ տալու Փհենյանում:

 

 

Կիմ Չեն Չհոլը ԿԺԴՀ-ի նախկին և այժմ հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրի միջնեկ որդին է: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն ունի նաև ավագ խորթ եղբայր ուրիշ մորից՝ Կիմ Չեն Նամը: Նա ենթադրաբար ապրում է ՉԺՀ-ի Մակաոյի Հատուկ Վարչական Շրջանում և երբեմն հարցազրույցներ է տալիս արտասահմանյան մամուլին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: