Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացումը ոչ միայն սպառման ծավալների նվազման կհանգեցնի, այլև բացասական հետևանքներ կարող է ունենալ նաև տնտեսության վրա:

 

Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Սա այն հարցն է, որ մտահոգում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, իշխանությանը և ընդդիմությանը: Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է մտահոգի նաև Հայաստանի էլեկտրական ցանցերի ղեկավարությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մելիքյանը:

 

Մելիքյանն ընդգծեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման առումով որոշակի հիմնավորումներ կարելի է գտնել: «Ես հիմա կարող եմ միայն դրանցից մեկը նշել. խոսքն արժույթի տատանումների մասին է: Այլ լուրջ հիմնավորում այս պահին ես չեմ կարող նշել, քանի որ հայտին ամբողջությամբ չեմ տիրապետում: Չեմ բացառում, որ ուսումնասիրություների արդյունքում այլ հիմնավոր փաստարկներ առաջ գան»,- ասաց Մելիքյանը:

 

Գագիկ Մելիքյանն այն կարծիքին է, որ տեղին են այն մտահոգությունները, որ ՀԷՑ-ում իրականացվում է անարդյունավետ կառավարում: «Թե որքանով է դա հանգեցնում կոռուպցիոն ռիսկերի կամ գողությունների, այդ հարցին կպատասխանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ համապատասխան ուսումնասիրություններից հետո»,- ասաց Մելիքյանը:

 

Հարցին, թե ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է ինչ-որ կերպ մասնակցել մայիսի 27-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիային, Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն երբեք միտինգային տրամադրություններ չի ունեցել և չի պատրաստվում հարցերը ցույցերի եղանակով լուծել: Նա ընդգծեց, որ ԱԺ-ից արդեն հրավեր ուղարկել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին՝ պատգամավորներին էլեկտրաէներգիայի թանկացման հայտը ներկայացնելու համար՝ հավելելով, որ դա կլինի միայն այն բանից հետո, երբ հանձնաժողովը մանրամասն կուսումնասիրի հայտը և պատրաստ կլինի քննարկումների: