Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թուրք հանքափորներին ստիպում է մասնակցել իր կազմակերպած միտինգներին՝ հակառակ դեպքում սպառնալով թողնել առանց աշխատանքի:

 

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այս մասին հայտնել է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունից Մանիսայի պատգամավոր Էրքան Աքչայը:

 

 

Նա տեղեկացրել է, որ նախքան մայիսի 24-ին Մանիսայում նախատեսված վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հանրահավաքը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչներից մեկն այցելել է Մանիսայի Սոմա շրջան և կարգադրել բոլոր հանքափորներին ներկա գտնվել հանրահավաքին: «Սա առաջին դեպքը չէ: Հանքափորներին մշտապես սպառնում են՝ ասելով. «Եթե ԱԶԿ-ն չհաղթի, անգործ կմնաք»,- հայտնել է Աքչայը:

 

 

Նա հիշեցրել է շուրջ մեկ տարի առաջ Սոմայի ածխահանքում տեղի ունեցած մեծ վթարը, որին զոհ էին գնացել 301 հանքափոր՝ նշելով, որ կատարվածի մեղավորության մեծ բաժինը հենց իշխանությունների վրա է գտնվում: Աքչայն արձանագրել է նաև, որ կատարվածից հետո խոստացված փոխհատուցումը մինչ օրս դեռ չի վճարվել: