Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող հայկական «Արմեն» ճամբար որբանոցի շենքի կադաստրային փաստաթուղթն այս շաբաթ կվերադարձվի հայկական հիմնադրամին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' հայտնում է թուրքական «Էվրենսել» թերթը: Ըստ թերթի' այդ մասին «Ակոս» ռադիոյի հետ զրույցում հայտնել է Հարութ Օզերը:

 

 

Պոլսահայ Կարապետ Օրունուզն էլ «Էվրենսել»-ին հայտնել է, որ ճամբարի շենքի սեփականատերը խոստացել է մայիսի 27-ին հանդես գալ շենքից հրաժարվելու մասին հայտարարությամբ և սկսել կադաստրային փաստաթուղթը հայկական հիմնադրամի անունով ձևակերպելու գործառույթները: Օրունոզը նաև հավելել է, որ «Արմեն» ճամբարը շարունակելու է գործել ամբողջ ամառվա ընթացքում:

 

 

Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել նաև քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված հայտնի հայ գործիչ Կարո Փալյանը: Նա հայտնել է, որ «Արմեն» ճամբարի սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյն իր հետ զրույցում ասել է, որ որոշել է որբանոցը նվիրաբերել հայկական հիմնադրամին:

 

 

«Արմեն» ճամբարում մեծացել և կրթություն են ստացել 2007 թվականի հունվարի 17-ին թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանված Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքն ու նրա կինը' Ռաքել Դինքը:

 

 

«Արմեն» ճամբարը, որտեղ մինչև 1983 թվականը ապաստանել են մոտ 1500 հայ որբեր, թուրքական իշխանությունների կողմից զավթվել է 1987 թվականին և վաճառվել թուրք գործարարի: Վերջինս որոշել է քանդել մանկատունը և նրա տեղում բնակելի շենքեր կառուցել: Ճամբարի քանդումը ժամանակավորապես դադարեցվել է հանրության շրջանում խիստ բողոքի և շենքը հայ տերերին վերադարձնելու պահանջների պատճառով: