Հունիսի 7-ին Արտաշատում ընտրելու են նոր քաղաքապետի: Առաջադրվել էին 3 թեկնածու՝ ՀՀԿ-ից՝ Արգամ Աբրահամյանը, Հովհաննես Ղազարյանը՝ «Գազի Հովոն», ով անկուսակցական է և հիմնական մրցակից էր համարվում, և նույնպես անկուսակցական Գարեգին Համբարձումյանը: Այսօր հայտնի դարձավ, որ ինքաառաջադրված անկուսակցական Գարեգին Համբարձումյանը հետ է վերցրել փաստաթղթերը՝ ընտրապայքարում միայնակ թողնելով վարչապետի որդուն:

 

 

«Անընտրություն» ընտրության մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում բավականին երկար ժամանակ է, ինչ ՏԻՄ համակարգը քաղաքական բաղադրիչից հեռացել է կամ ընդհանրապես իր մեջ չի պարունակում քաղաքական բաղադրիչ:

 

 

Ըստ մեր զրուցակցի՝ չկա ՏԻՄ ընտրություն՝ բացառությամբ Երևան քաղաքի ավագանու և Գյումրիի՝ մասնակիորեն: Մնացած բոլոր տեղերում ՏԻՄ համակարգ գոյություն չունի: Այս պարագայում ընդդիմադիրների մասնակցությունը դառնում է արդեն իսկ չեղած ֆինանսական ռեսուրսների վատնում, իսկ ընդդիմադիրներն իրենց այդպիսի շռայլություն թույլ տալ չեն կարող.

 

 

«Ես չգիտեմ՝ այնտեղ ճնշում եղել է, թե ոչ, բայց ցանկացած պարագայում խնդիր չեմ տեսնում: Նույնիսկ եթե այդ թեկնածուները մնային ադմինիստրատիվ, այլ ռեսուրներ էին օգտագործվելու իշխանության ներկայացուցչի համար, բնականաբար հնարավորություն չէր լինելու պայքարելու», - ասաց Արմեն Մարտիրոսյանը:

 

 

Նա նկատեց նաև, որ Հայաստանն աստիճանաբար վերադառնում է ֆեոդալական ժամանակահատված:

 

 

Խոսելով այն մասին, որ Արտաշատի ընտրություններում, փաստորեն, վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին միայնակ մնաց ընտրապայքարում, Արմեն Մարտիրոսյանն ասաց.

 

 

«Եթե վարչապետ հայրիկը չլիներ, ո՞նց կարող էր նմանատիպ իրավիճակ ստեղծվել: Ես կարծում եմ՝ դա այնքան ակնհայտ է, որ ոչ մեկը նույնիսկ չի քննարկում: Եթե ֆեոդալիզմ է, նշանակում է՝ հայրիկի ժառանգության խնդիր գոյություն ունի: Ընդդիմությանը չմասնակցելը օբյեկտիվ է և լավ օրից չէ»: