Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը մայիսի 24-26-ին պաշտոնական այցով կայցելի Մոսկվա: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությանը:

 

Երկուշաբթի օրը Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կբանակցեն:

 

«Քննարկում ենք առաջիկա այցը ռուս-ադրբեջանական քաղաքական երկխոսության զարգացման շարունակության կոնտեքստում… Մայիսի 25-ին բանակցությունների ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հիմնական ասպեկտները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքի հաղորդագրության մեջ:

 

«Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ավելի քան երկու տասնամյակի ընթացքում շարունակում է ակտիվ դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Հաշվի առնելով մեր ժողովուրդների աշխարհագրական մտերմությունն ու ընդհանուր պատմությունը՝ հակամարտության լուծումը մեզ համար առաջնային նշանակություն ունի և դասվում է ռուսական արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվին»,- հավելել են գերատեսչությունում: