«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»՝ հոսանքի սակագնի վերանայման հայտով: Ընկերությունն առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի սակագինը բարձրացնել 17 դրամով: Եթե հանձնաժողովը համաձայնի՝ սպառած էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը ներկայիս 41 դրամ 85 լումայի փոխարեն կդառնա 58 դրամ 93 լումա, իսկ գիշերային սակագինը՝ 48 դրամ 93 լումա՝ ներկայիս 31.85 դրամի դիմաց:

 

Երեկ՝ ժամը 21:00-23:00-ն, կայացավ «Մութ ժամեր» ակցիան, որի շրջանակներում բազմաթիվ քաղաքացիներ, ի նշան բողոքի, երկու ժամով անջատեցին էլեկտրաէներգիան:


ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանը, խոսելով նախատեսվելիք բարձրացման մասին, ասաց, որ իշխանություններին մեկ անգամ ևս կհաջողվի թանկացնել էլեկտրաէներգիան: Քաղաքագետը նկատեց, որ գուցե կլինեն փոքր խմբեր, ովքեր ինչ-ինչ միջոցներ կձեռնարկեն, սակայն արդյունքը կլինի նույնը:

 

Հարցին՝ ի՞նչ է կարծում, ամեն դեպքում, էլէներգիայի սակագինը կթանկացվի առաջարկված 17 դրամի չափո՞վ, թե՞ հնարավոր է որոշ քննարկումների և բողոքների պատճառով մի փոքր ցածր բարձրացում լինի, քաղաքագետը պատասխանեց. «Շատ ընդունված «բազառային» տարբերակ է, ասում են՝ գինն ինչքան է, հետո էլ, թե՝ բա վերջին գինն ինչքա՞ն է: Առաջարկում են 17 դրամ, գուցե այդքան էլ բարձրացնեն, բայց հնարավոր է իջեցնեն՝ հասցնելով 10 դրամի, այսինքն՝ ինչքան կորոշեն իշխանությունները, իսկ դրա վրա որևէ բողոք չի կարող ազդել: Մեր հասարակությունն այլևս դիմադրողականություն չունի, հասարակության 95 տոկոսն ընդամենը բնակիչներ են, որոնք մտածում են իրենց առօրեական խնդիրների, «յոլա գնալու», արտագաղթի մասին, իսկ մնացած 5 տոկոսն արդեն ուժ չունի ինչ-որ բան փոխելու»,- ասաց քաղաքագետը: