Մայիսի 26-ից 28-ը առաջին անգամ Հայաստանում տեղի է ունենում հեռուստաբովանդակության շուկայի ոլորտի վերաբերյալ եռօրյա մեծ համաժողով: Այս աննախադեպ միջոցառումը կազմակերպում է «Յուքոմ» ընկերությունը՝ Հայաստան հրավիրելով մի շարք միջազգային հեռուստատեսային կոնտենտի արտադրողներին և իրավատերերին: Համաժողովի շրջանակներում Հայաստան են ժամանել այնպիսի հեղինակավոր և բարձր վարկանիշ ունեցող հեռուստաալիքների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Discovery, Viasat, MTV, Paramount, Sony, Euronews, Fox, National Geographic, Nickelodeon, Disney Channel ալիքները:

 

Համաժողովի նպատակն է մեկ վայրում միավորել միջազգային հեռուստաբովանդակության մատակարարներին, տարածաշրջանում գործող հեռարձակման օպերատորներին և Հայաստանի պետական կառույցներին՝ հեռուստաշուկային վերաբերող խնդիրները քննարկելու և ապագայում համագործակցության եզրեր գտնելու նպատակով:

 

Համաժողովը կտևի երեք օր, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց փորձը, կծանոթանան հայաստանյան հեռուստաբովանդակության շուկային, կուսումնասիրեն պահանջարկն ու հայկական շուկայի հնարավորությունները, ինչպես նաև կմշակեն հետագա համագործակցության պլաններ:

 

Բացի արտերկրի պատվիրակություններից համաժողովին մասնակցում են հայկական շուկայի ոլորտի մասնագետներ, պաշտոնատար այրեր՝ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունից, ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ հեռուստատեսության և ռադիոի ազգային հանձնաժողովից և այլ պետական և ոչ պետական կառույցներից:

 

Հայկական հեռուստաբովանդակության շուկան ամենաարագ զարգացող բնագավառներից է Հայաստանում: Սակայն, առ այսօր այն դեռևս կարգավորման փուլում է: «Յուքոմն» առաջին ընկերությունն էր, որ նախաձեռնեց հեռուստատեսային կոնտենտի տարածման լեգալիզացումը և մի շարք միջազգային հեռուսաալիքների հետ պայմանագրեր կնքելով՝ դրանք օրինական հիմունքներով ներմուծեց հայկական հեռուստաշուկա: