Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին գազալցակայաններում անվտանգության ռեժիմը դարձնել խիստ վերահսկելի:

 

Արմեն Երիցյանն անդրադարձավ վերջին շրջանում գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունների դեպքերին, մասնավորապես, մայիսի 26-ին Արմավիրի մարզում՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում արձանագրված դեպքին, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել երեք մարդ:

 

Երիցյանն ընդգծեց, որ տվյալ գազալցակայանը վեց ամիս առաջ տուգանվել է մեկ միլիոն դրամով, քանի որ այնտեղ հայտնաբերվել էին բազմաթիվ թերություններ: Նախարարը հանձնարարել է աշխատանքներն ակտիվացնել բոլոր գազալացակայանների հետ, որտեղ կհայտնաբերվեն թերություններ: Երիցյանը խոստացավ զեկուցել ՀՀ վարչապետին. «Եթե անհրաժեշտ լինի, ապա կդադարեցնենք դրանց աշխատանքները»,- ասաց Երիցյանը: