«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»՝ հոսանքի սակագնի վերանայման հայտով: Ընկերությունն առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի սակագինը բարձրացնել 17 դրամով: Եթե հանձնաժողովը համաձայնի՝ սպառած էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը ներկայիս 41 դրամ 85 լումայի փոխարեն կդառնա 58 դրամ 93 լումա, իսկ գիշերային սակագինը՝ 48 դրամ 93 լումա՝ ներկայիս 31.85 դրամի դիմաց:


ԼՈՒՐԵՐ.com-ն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի հետ.


- Ինչպե՞ս եք վերաբերում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը: 

 

- Առաջիկայում ես իմ գնահատականները վերջին ութ տարվա համալիր վերլուծությամբ կներկայացնեմ ձեր դատին:


- Կարո՞ղ եք այժմ կարճ պատասխանել:

 

- Կարճ պատասխանելու չի, դա երկար գիշերների, հազարավոր էջերի կարդացած գրքերի արդյունքն է:


- Ամեն դեպքում, Դուք կո՞ղմ եք սակագնի բարձրացմանը:

 

- Դուք հարցը տվեցիք, ես՝ պատասխանեցի:


- Չպատասխանեցիք, բայց ամեն դեպքում: Ի՞նչ եք կարծում՝ բողոքի ալիքն ազդեցություն կունենա՞ իշխանությունների վրա՝ չթանկացնելու էլեկտրաէներգիան:

 

- Նախ պետք է հասկանանք՝ այսօր էլեկտրացանցերի և էներգետիկ անվտանգության հետ կախված ինչ մարտահրավերների առջև է կանգնած Հայասանի Հանրապետությունը, այդ մարտահրավերներից որոնք են օբյեկտիվ բնույթի, որոնք են սուբյեկտիվ բնույթի, այդ մարտահրավերները հաղթահարելու համար ինչպիսի՞ ինժեներական նորամուծություններ պետք է կիրառվեն, ինչպիսի՞ տնտեսագիտական նորամուծություններ, ինչպիսի՝ կառավարչական, որից հետո մենք կկարողանանք գնահատել այն իրավիճակը, որում հայտնվել են այսօրվա դրությամբ էլեկտրաէներգետիկ համակարգն ամբողջությամբ:


- Այս դեպքում, դուք ծանո՞թ եք ՀԷՑ-ի ներկայացրած հաշվետվությանը, նրանց ծախսերն, ըստ Ձեզ, տեղի՞ն են:

 

- Դուք եթե ուշադիր լսեիք՝ այս հարցը չէիք տա, հաջողություն...

 

Հ.Գ. Իր բառակույտը, որպես հարցերի պատասխան ներկայացնել փորձող նախկին ընդդիմադիր, այժմ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը պետք է հասկանա, որ հոսանքի 17 դրամ թանկացումն ազդելու է ոչ թե իր և իր կուսակիցների, այլ քաղաքացիների վրա, ովքեր իրենց նվազագույն աշխատավարձով պարտավորվելու են վճարել իշխանությունների քմահաճույքների, նոր մեքենաների և 57 հազար դրամով 1կգ ցեմենտ ձեռք բերելու համար:

 

Չնայած, հասկանալու համար, թերևս կրկին անքուն ու երկար գիշերներ պահանջվեն: