Այսօր նշվում է Երեխաների պաշտպանության համաշխարհային օրը: Ինչպես շատ այլ երկրներում, այնպես էլ մեր երկրում կան երեխաների պաշտպանության ոլորտում համակարգային խնդիրներ: «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության նախագահ Ենոք ՇատվորյանըԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ պաշտպանության տեսակետից նախ և առաջ պետք է բարձրացնել երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:

 

«Մենք շեշտը դնում ենք հատկապես դեռահասների ուսուցմանը, տեղեկատվության բարձրացմանը, մարդու իրավունքներին և օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրներին, որոնք կապ ունեն երեխաների հետ՝ սկսած քրեական օրենսգրքից՝ մինչև աշխատանքային: Այս վերջին շրջանում դասընթացներ էինք անցկացնում, հատկապես՝ քոլեջներում»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Հարցին, թե մեր երկրում երեխաները հատկապես ի՞նչ բնույթի խնդիրներ են ունենում, պատասխանեց, որ քրեական գործեր են եղել՝ շահագործման հետ կապված, երեխաները ներառվել են մուրացկանության մեջ. մեղավորները պատժվել են օրենքով սահմանված կարգով:

 

«Մենք նաև աջակցություն ենք ցուցաբերում թրաֆիքինգի զոհերին: Կարծում եմ՝ այս օրը նշելով՝ խնդիրներ չենք լուծում, առավելագույնը՝ կարող ենք բարձրաձայնել երկրում երեխաների հետ կապված արդի խնդիրները»:

 

Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ իրազեկության մակարդակը բարձրացնելու համար շատ կարևոր է վերապատրաստել ուսուցիչներին, երեխաներին, ոստիկանության և հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին, քանի որ շատ դժվար է աշխատել հատկապես տուժող երեխաների հետ, պետք է այնպես անել, որ իրավիճակը չունենա հոգեբանական բացասական ազդեցություն և ազդի երեխայի կյանքի վրա: