Այսօր նշվում է Երեխաների պաշտպանության համաշխարհային օրը: Ինչպես շատ այլ երկրներում, այնպես էլ մեր երկրում կան երեխաների պաշտպանության ոլորտում համակարգային խնդիրներ: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը նշեց, որ երեխաների իրավունքների վերաբերյալ Հայաստանը մի շարք միջազգային փաստաթղթեր է ստորագրել է, և եթե մեր պետությունն այդ պարտավորությունները պատշաճ կատարի՝ մի քանի տարում թռիչք կկատարենք: Նկատում է նաև, որ դրա համար պետք են մեծ ռեսուրսներ, կամք, տարբեր պետական մարմինների միջև շատ սերտ համագործակցություն, ինչը ոչ միշտ է մեզ մոտ պատշաճ ձևով իրականացվում:

 

«Մեր երկրում մեծ խումբ են կազմում հատկապես աղքատության մեջ ապրող երեխաները, իրենք ունեն բազմաթիվ խնդիներ, օրինակ՝ ստիպված են լինում դասերը բաց թողնել՝ ծնողների հետ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար, կամ կարող է բուժծառայություններից պատշաճ կարգով չօգտվեն և այլ բազմաթիվ խնդիրներ: Այսինքն՝ աղքատությունը մնացած խնդիրներն առաջացնող նշաձողն է Դրա համար մեր պետությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի՝ մանկական աղքատությունը նվազեցնելու համար»,- ասաց Տաթևիկ Խաչատրյանը:

 

Վերջինիս խոսքով՝ երկրորդ խնդիրը երեխաների ինստիտուցիոնալիզացիան է: Երեխաները մնում են առանց ծնողական խնամքի, կյանքի բերումով դժվար պայմաններում են հայտնվել, գոնե նրանք հնարավորինս վերադարձվեն ընտանիքներ, տեղափոխվում են հաստատություններ: Ամբողջ զարգացած աշխարհը հետ է գնում այդ քաղաքականությունից, հաստատություններից երեխաներին վերադարձնում են ընտանիքներ, իսկ մեզ մոտ հակառակն է:

 

«Հայաստանում թրաֆիքինգի խնդիրը ևս կա, ցավոք սրտի, չկա համալիր ուսումնասիրություն, որպեսզի իմանանք՝ քանի երեխա է թրաֆիքինգի ենթարկում, չկա կառույց, որ կատարի ուսումնասիրություններ, գուցե վիճակն ավելի վատ է, բայց չկա իրազեկվածություն: Նույն վիճակն է նաև հարկադիր աշխատանքում: Մենք գիտենք՝ բազմաթիվ երեխաներ դպրոց գնալու փոխարեն աշխատում են, դրանք հիմնականում չգրանցված աշխատանքներ են, երբեմն՝ երեխայի առողջություն համար վտանգավոր: Բայց միևնույն է՝ չկա վերահսկողություն, պատկան մարմինները չեն հայտնաբերում նման երեխաներին և վերադարձնում ընտանիքներ»:

 

Մեր այն հարցին, թե վերջերս պատգամավորներից մեկը հրապարակավ հայտարարեց, թե մանկատներից երեխաներին մուրացկանության են ուղարկում, հենց տնօրենների հսկողությամբ, ՄԻՊ տեղակալն ասաց, որ իրենք այդ հայտարարությունից հետո ուսումնասիրություններ են սկսել, և խնդիրն ուշադրության կենտրոնում է: «Հայտարարության օրից ի վեր՝ զբաղվում ենք այդ հարցով, տեսնենք՝ կա՞ նման բան, թե՞ ոչ, որովհետև մենք հակառակ փաստն էլ չունենք»,- ասաց Տաթև Խաչատրյանը: