«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»՝ հոսանքի սակագնի վերանայման հայտով: Ընկերությունն առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի սակագինը բարձրացնել 17 դրամով: Եթե հանձնաժողովը համաձայնի՝ սպառած էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը ներկայիս 41 դրամ 85 լումայի փոխարեն կդառնա 58 դրամ 93 լումա, իսկ գիշերային սակագինը՝ 48 դրամ 93 լումա՝ ներկայիս 31.85 դրամի դիմաց:


ԼՈՒՐԵՐ.com-ն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ զրուցեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ:

 

«ՀԷՑ-ի ներկայացրած դիմումի բովանդակությանը չեմ ծանոթացել: Գործուղման էինք»,- ասաց Սահակյանն՝ ընդգծելով, որ Կանադայում, Հայաստանի և Կանադայի խորհրդարանական խմբերն ստորագրել են բարեկամական խմբերի համատեղ հռչակագիր:

 

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է ԱԺ ներկայացնի ամբողջական փաթեթ, որ հասկանանք՝ հիմնավո՞ր է, թե՞ չէ, նոր կարծիք հայտնենք:

 

Ես անձամբ կարող եմ խոսել, ավելի ականջահաճո ասել, որ չէ, չպիտի թանկանա, էլի համամիտ եմ, բայց որ ավելի հիմնավոր լինի իմ տեսակետը, պետք է հասկանալ՝ այդ գումարները որտե՞ղ են ծախսվել, ի՞նչ խնդիրներ կան և այլն:

 

Այդ ամենին անձամբ ավելի մանրամասն ծանոթանալուց հետո միայն կարող եմ պատասխանել»,- ասաց Սահակյանը: