Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը վստահեցնում է, որ հավաքականը Եվրոպական առաջին խաղերին մեկնում է ուժեղագույն կազմով: Եթե աշխարհի առաջնությանն անցկացվեր հենց այսօր, հավաքականը նույն կազմով կմեկներ, որով պատրաստվում է ներկայանալ Բաքվի առաջին Եվրոպական խաղերին:

«Չեմ ուզում այս խաղերը քաղաքականացնել: Սա ԵՕԿ-ի և ՄՕԿ-ի կողմից կազմակերպող մրցումներն են: Այնտեղ շատ դժվար է գոտեմարտելը: Մենք գիտենք, որ դժվար է լինելու: Ոչ մի կապ չունի, թե մրցաշարը որտեղ է: Իհարկե, կարող է նաև անարդար մրցավարություն լինել: Եթե հիմա լիներ աշխարհի առաջնություն, ապա հենց այս նույն կազմով կմեկնեինք, որով գնում ենք Եվրոպական խաղեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաղդադյանը:

Վերջինիս խոսքով՝ թիմի առաջատար Դավիթ Սաֆարյանը այժմ լավ մարզավիճակում է: «Նա բաց թողեց Եվրոպայի առաջնությունը և անցած տարվա աշխարհի առաջնությունում լավ մարզավիճակում չէր: Բաքվի խաղերի նրա համար կլինի նախապատրաստական աշխարհի առաջնության համար: Իսկ ինչ վերաբերում է տղաներին, ապա ոչ մեկին չեմ առանձնացնում: Բոլորն էլ այսօր լավ հնարավորություն ունեն Բաքվում կայանալիք խաղերին ըստ արժանվույն մասնակցելու համար»,- ասաց գլխավոր մարզիչը:

Բաղդադյանի խոսքով' մեր ըմբիշները կհասցնեն մասնակցել Եվրոպական խաղերին և վերականգնվել ու մասնակցել աշխարհի առաջնությանը: «Գոհ կլինեմ, եթե աշխարհի առաջնությունում գոնե երեք Օլիմպիական ուղեգիր նվաճենք, քան մեդալ»,-շեշտեց նա:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հունիսի 3-15-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի' նախապատրաստվելով Եվրոպական խաղերին:

Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով և կունենա 25 մարզիկ. բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն: Բռնցքամարտում Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկ՝ Արտյոմ Ալեքսանյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Նիկոլ Հարությունով (81 կգ): Ձյուդոյում՝ 3 մարզիկ՝ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյան, 73 կգ քաշային Դավիթ Նիկոսղոսյան և 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչ: Հրաձգությունում՝ 2 մարզիկ՝ Հրաչիկ Բաբայան, Նորայր Առաքելյան: Հունահռոմեական ոճի ըմբշամարտտում 4 մարզիկ' Ռոման Ամոյան (55 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Կարապետ Չալյան (75 կգ) և Մաքսիմ Մանուկյան (85 կգ): Ազատ ոճայիններ' 6 մարզիկ' Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Մուրսա Մուրթազալիև (86 կգ), Լևան Բերյանիձե (125կգ): Սամբո' 3 մարզիկ' Տիգրան Կիրակոսյան, Աշոտ Դանիելյան, Սոսե Բալասանյան: Թաեքվոնդո' Արման Երեմյան: