Վերջին շրջանում հանրության մեջ ակտիվ քննարկումների առիթ դարձավ ընտանի կենդանիներ պահելու համար նախատեսված պարտադիր հարկումը՝ տարեկան 5000 դրամ: Այս մասինԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Երևանի ավագանու անդամ Ռաֆֆի Գյոզալյանի հետ, ով հիշեցրեց, որ հարկատեսակը նոր չէ, փաստացի մի քանի տարի է, ինչ կա: Իր հիշելով՝ դեռ 2008 թվականից այդ իրավական ակտը գործում է, բայց չի գործածվում: «Ես չեմ համարում, որ ճիշտ է ընտանի կենդանիներ պահելու համար ինչ-որ գանձումներ անել: Չկա մշակված սկզբունք, թե ումից պետք հարկվեն այդ գումարները, ինչպես են իմանալու՝ քանի ընտանի կենդանի է մարդը պահում, կամ արդյոք պահո՞ւմ է, թե՞ ոչ: Սկզբունքներն անհասկանալի և անորոշ են: Ես այն համոզմունքին եմ, որ մարդն արդեն իսկ մեծ գումարներ է ծախսում այդ կենդանուն պահելու համար, և արդարացված չէ նոր հարկը մտցնելը»,- ասաց Ռաֆֆի Գյոզալյանը: 

 

Մեր զրուցակիցը նկատում է նաև, որ ընտանի կենդանին էլ մեծ հասկացություն է, ընտանի կենդանի կարող է համարվել շունը, կատուն իգուանան, մարդիկ կան՝ էկզոտիկ կենդանիներ են պահում, այդ ամենը մանրամասնված չէ, ինչն էլ խնդիրներ է առաջացնում, և հենց այդ չմանրամասնումն է, որ այսօրվա դրությամբ չի թողնում այդ հարկումները կատարվեն: 

 

Իսկ ինչ վերաբերում է ծանուցագրին, որ քաղաքացիները ստանում են քաղաքապետարանից, ավագանու անդամն ասաց, որ որևէ հիմնավորում չեն կարող ունենալ, օրենքի առաջ բոլորն են հավասար, և չի կարելի մեկին ուղարկել այդ ծանուցագիրը, մյուսին՝ ոչ:

 

Մեր այն հարցին՝ արդյոք նախատեսվո՞ւմ է այս հարցի շուրջ կրկին քննարկումներ անցկացնել, մշակել իրավական ակտը, Ռաֆֆի Գյոզալյանը պատասխանեց. «Խնդիրը կա, և համոզված եմ, որ քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է: Ես սպասում եմ քաղաքապետարանի արձագանքին: Իմ առաջարկներով հանդես եմ գալու և կարծիքս ևս մեկ անգամ բարձրաձայնելու եմ, որ ընտանի կենդանիներ պահողներին պետք է ավելի հարգանքով մոտենալ և ոչ թե ինչ-որ հարկեր սահմանել, քանի որ դա անհիմն է»: