Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիրը» դարձավ կուսակցություն:

Տեղի ունեցավ կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում ընդունվեց կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ընտրվեց կուսակցության ղեկավար մարմինը:

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ՝ ճշտելու՝ նոր կուսակցությունն ի՞նչ կփոխի ներքաղաքական կյանքում:

Բադալյանը նշեց, որ վաղուց արդեն չի հետևում նորաստեղծ կուսակցությունների համաժողովներին, քանի որ նրանց ելույթներում նոր ոչինչ չկա: Ըստ Բադալյանի` վերջին 20 տարում բազմաթիվ անգամ կրկնվել են նման համաժողովները:

«Ես սկզբնական շրջանում էի հետևում կուսակցությունների հիմնադիր համաժողովներին, հետո նմանվեց նույն գետով հոսող ջրի:

Կուսակցություն ստեղծելն ունի երկու ձև: Մեկն իրավական կողմն է, որը խնդիր չէ, բայց դա քիչ է: Որովհետև Հայաստանում այդպես ստեղծվել է 70-ից ավել կուսակցություն: Դրանք ստեղծման պահից էլ մեռելածին են եղել:

Հայաստանում այսօր մի քանի կուսակցություն կա՝ ՀԱԿ, ՀՅԴ, ՀՀԿ, ԲՀԿ, որը Ծառուկյանից հետո իր տեղը դեռ չի գտնում, և «Ժառանգություն», որը կար, երբ կար «եռյակը», իսկ հիմա այնտեղ կան որոշ անհատ քաղաքական գործիչներ:

Այսինքն՝ հինգ կուսակցություններն են, որ քաղաքական դաշտում ինչ-որ դերակատարում ունեն: 

Ինչ վերաբերում է նորաստեղծ կուսակցությանը, ապա այն կարող է իրավական տեսակետից ստեղծվել, բայց խնդիրը բովանդակություն ստեղծելն է: Իսկ բովանդակություն ստեղծելը բավական բարդ աշխատանք է:

Հայաստանում կուսակցություն ստեղծելուց շատերն են սխալվում. սկզբից հայտարարում են, որ իրենք ձախ են, աջ են, կենտրոնամետ են և, այսպես թե այնպես, դա այդպես էլ չի ստացվում:

Մի քանի խնդիր կա՝ կուսակցություն ստեղծելու հետ կապված: Բարդ խնդիրներից մեկն այն է, որ հասարակության 90-95 տոկոսը չի ցանկանում քաղաքական այս գործընթացներին հետևել և այդ իսկ պատճառով անտարբեր է: Երբ մարդիկ ցանկանում են արտագաղթել, դժվար է այդ պայմաններում կուսակցություն ստեղծել:

Հասարակության 5 տոկոսն է, որ գործընթացներին հետևում է: Այս պայմաններում կուսակցություն ստեղծելը բարդ է, բայց անհնարին չէ:

Եվ անկախ նրանից՝ ով է ստեղծում կուսակցությունը, եթե ճիշտ բովանդակություն կառուցի, կհաջողի, եթե ոչ՝ կդառնա շարքային կուսակցություն»,- ասաց Բադալյանը: