«Mediamall.am» լրատվականը ամփոփում է օրը. 




Սուրիկ Խաչատրյանը, նրա վարորդը և օգնականը տուժող են ճանաչվել

 

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր դեմ արված սպանության փորձի գործով տուժող է ճանաչվել:


ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ տուժող են ճանաչվել նաև նրա վարորդն ու օգնականը:

 

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան: Կրակոցների առնչությամբ Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի (մահափորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

 

***

Մեռելածին կուսակցությունների և Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» մասին



Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիրը» դարձավ կուսակցություն:

Տեղի ունեցավ կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում ընդունվեց կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ընտրվեց կուսակցության ղեկավար մարմինը:

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ՝ ճշտելու՝ նոր կուսակցությունն ի՞նչ կփոխի ներքաղաքական կյանքում:

 

 

Բադալյանը նշեց, որ վաղուց արդեն չի հետևում նորաստեղծ կուսակցությունների համաժողովներին, քանի որ նրանց ելույթներում նոր ոչինչ չկա: Ըստ Բադալյանի` վերջին 20 տարում բազմաթիվ անգամ կրկնվել են նման համաժողովները:

«Ես սկզբնական շրջանում էի հետևում կուսակցությունների հիմնադիր համաժողովներին, հետո նմանվեց նույն գետով հոսող ջրի:

Կուսակցություն ստեղծելն ունի երկու ձև: Մեկն իրավական կողմն է, որը խնդիր չէ, բայց դա քիչ է: Որովհետև Հայաստանում այդպես ստեղծվել է 70-ից ավել կուսակցություն: Դրանք ստեղծման պահից էլ մեռելածին են եղել:

Հայաստանում այսօր մի քանի կուսակցություն կա՝ ՀԱԿ, ՀՅԴ, ՀՀԿ, ԲՀԿ, որը Ծառուկյանից հետո իր տեղը դեռ չի գտնում, և «Ժառանգություն», որը կար, երբ կար «եռյակը», իսկ հիմա այնտեղ կան որոշ անհատ քաղաքական գործիչներ:

Այսինքն՝ հինգ կուսակցություններն են, որ քաղաքական դաշտում ինչ-որ դերակատարում ունեն: 

Ինչ վերաբերում է նորաստեղծ կուսակցությանը, ապա այն կարող է իրավական տեսակետից ստեղծվել, բայց խնդիրը բովանդակություն ստեղծելն է: Իսկ բովանդակություն ստեղծելը բավական բարդ աշխատանք է:

 

 

Հայաստանում կուսակցություն ստեղծելուց շատերն են սխալվում. սկզբից հայտարարում են, որ իրենք ձախ են, աջ են, կենտրոնամետ են և, այսպես թե այնպես, դա այդպես էլ չի ստացվում:

Մի քանի խնդիր կա՝ կուսակցություն ստեղծելու հետ կապված: Բարդ խնդիրներից մեկն այն է, որ հասարակության 90-95 տոկոսը չի ցանկանում քաղաքական այս գործընթացներին հետևել և այդ իսկ պատճառով անտարբեր է: Երբ մարդիկ ցանկանում են արտագաղթել, դժվար է այդ պայմաններում կուսակցություն ստեղծել:

Հասարակության 5 տոկոսն է, որ գործընթացներին հետևում է: Այս պայմաններում կուսակցություն ստեղծելը բարդ է, բայց անհնարին չէ:

Եվ անկախ նրանից՝ ով է ստեղծում կուսակցությունը, եթե ճիշտ բովանդակություն կառուցի, կհաջողի, եթե ոչ՝ կդառնա շարքային կուսակցություն»,- ասաց Բադալյանը: 

 

***

 

«Եթե բողոքի ալիքը մեծ լինի, կկարողանանք կանխել էլեկտրաէներգիայի թանկացումը»


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»՝ հոսանքի սակագնի վերանայման հայտով: Ընկերությունն առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի սակագինը բարձրացնել 17 դրամով: Եթե հանձնաժողովը համաձայնի՝ սպառած էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը ներկայիս 41 դրամ 85 լումայի փոխարեն կդառնա 58 դրամ 93 լումա, իսկ գիշերային սակագինը՝ 48 դրամ 93 լումա՝ ներկայիս 31.85 դրամի դիմաց:

 

 

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ՝ ճշտելու՝ արդյոք հասարակության բարձրացրած բողոքի ալիքը կկարողանա՞ ճնշել իշխանություններին՝ չթանկացնել էլեկտրաէներգիան:

 

 

Մարտիրոսյանի կարծիքով՝ այս պահի դրությամբ քաղաքացիների մասնակցությունը դեռևս բավարար քանակ չունի:

 

 

«Եթե քաղաքացիների ավելի մեծ մասնակցություն լինի, բնականաբար, կկարողանա»,- ասաց Մարտիրոսյանը: