ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն անդրադարձել է ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի ընկերությունը հարկային մարմինների կողմից տուգանելու հանգամանքին՝ վստահեցնելով, որ ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գագիկ Խաչատրյանն ընդգծեց, որ հարկային մարմինները ստուգումներ են անցկացրել Աշոտ Աղաբաբյանին պատկանող ձեռնարկությունում, հայտնաբերել որոշ խախտումներ և տուգանել է: «Նրան պատկանող ձեռնարկությունը վճարել է այդ տուգանքը, այնուհետև Աշոտ Աղաբաբյանը դիմել է դատարան: Դա իր իրավունքն է: Հիմա դատարանում այդ ամենը կճշտվի, հարկային մարմիններն էլ կտան համապատախսան պարզաբանումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Խաչատրյանը՝ չհամաձայնելով տեսակետի հետ, թե նախարարությունը սնանկացրել է ՀՀԿ-ական պատգամավորին:

 

 

Նա կոչ արեց տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը չկապել անունների, պաշտոնյաների հետ՝ վստահեցնելով, որ ստուգումների անցկացնելու պարագայում հարկային մարմիններին չի կաշկանդում այս կամ այն պաշտոնյայի կապը տնտեսվարող սուբյեկտների հետ: «Մենք նրանց նայում ենք որպես տնտեսվարող սուբյեկտների, որոնք իրենց գործունեության համար պետք է հարկ վճարեն պետությանը: Դո՞ւք պատկերացնում եք, եթե Ֆինանսների նախարարությունը խորանար այն հարցում, թե այս երկրում ով ինչ ունի»,- նկատեց նախարարը:

 

 

Դիտարկմանը, թե հասարակության մոտ կարծիք կա, որ «բիզնեսը հարկվում է ըստ պաշտոնյաների», Գագիկ Խաչատրյանն ընդգծեց, որ նման մոտեցումը հարկավոր է փոխել, իսկ այդ հարցում աշխատանք ունեն անելու ինչպես լրատվամիջոցները, այնպես էլ Ֆինանսների նախարարությունը:

 

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառում ՀՀ ֆինանսների նախարարության կատարած ստուգումների արդյունքում կազմված 60 մլն դրամ տուգանքի արձանագրությունը դատական կարգով բողոքարկել է: