Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը որպես թիրախ ընտրած գործողությունների թիվն ավելանում է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, Էրզրումում կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշի միտինգին մասնակցելու նպատակով կուսակցականներին տեղափոխող միկրոավտոբուսի վարորդին անհայտ անձինք փորձել են ողջ-ողջ այրել:

 

Անհայտ անձինք ոստիկանների ներկայությամբ կտրել են մեքենայի ճանապարհը և նախ սկսել են այն վնասել, ապա բենզին լցնելով կրակի են մատնել' ցանկանալով այրել վարորդին: 40-ամյա Այդըն Թաշքեսենը, ով ձեռքերի և գլխի հատվածներում լուրջ վնասվածքներ է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց: Նշվում է, որ միկրոավտոբուսի մեջ են եղել Դեմիրթաշի նկարով պաստառներն ու կուսակցության էմբլեմով դրոշները, որոնք ևս անհայտ անձինք այրել են:

 

Նշվում է, որ Այդըն Թաշքեսենն ամուսնացած է և ունի ութ զավակ:

 

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կմեկնարկեն հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում' 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածուներ: