Թուրքիայի խորհրդարանական 25-րդ ընտրություններին քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ձայների 13,11%-ը հավաքելը հանդիսանում է ոչ միան կուսակցության հաղթանակը, այլ նաև՝ ողջ Թուրքիայում բնակվող քսան միլիոն քրդերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունիսի 11-ին ասուլիսի ժամանակ նման կարծիք արտահայտեց Հայաստանի քրդերի միության նախագահ Կնյազ Հասանովը:

 

 

«Թուրքիայում քրդերը ազգային փոքրամասնություն չեն, և իրենք քանակությամբ կազմում են Թուրքիայում թվով երկրորդ ազգը: Մեր քրդական կուսակցության 80 պատգամավորները պետք է կարողանան իրենց ձայնը բարձրացնել Թուրքիայի ազգային ժողովում և պահանջել, որպեսզի քրդերը սահմանադրորեն ճանաչվեն որպես Թուրքիայի երկրորդ ազգ, վերջապես դադարեցվեն քրդերի իրավուքների ոտնահարումը, և չենթարկվեն ցեղասպանության: Մենք հույս ունենեք, որ Թուրքիայի քրդերը խաղաղ կամ անհրաժեշտության դեպքում զինված ճանապարհով կհասնեն ինքնուրույնության», - ասաց Կնյազ Հասանովը:

 

 

Հայաստանի քրդերի միության նախագահը բարձր գնահատեց Թուրքիայում անցած ընտրությունները, որտեղ պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն անցավ 10%-ի սահմանը, ինչով և կանխվեց երկիրը պառլամենտական ձևաչափից նախագահականի վերածելու Էրդողանի մտադրությունը:

 

 

«Ընտրությունների նախաշեմին թուրքական իշխանությունները հասկացան, որ քրդերը այս անգամ կկարողանան հատել 10%-ի շեմը, ինչի հետևանքով հունիսի 5-ին, ընտրությունների նախաշեմին, հանրահավաքի ժամանակ որոտաց երկու պայթյուն: Սրանով թուրքական կառավարությունը ցանկանում էր սադրանք սարքել ընտրությունները անորոշ ժամանակով հետաձգելու համար: Սակայն Սելահաթթին Դեմիրթաշը կոչ արեց չենթարկվել սադրանքներին և ցույց տալ իշխանությանն ու ամբողջ աշխարհին, որ քրդերը միասնական են և ուզում են հաղթանակ տանել: Այդպես էլ եղավ, մեր ժողովունրդը միասնական գնաց ընտրություններին և, անկախ ընտրակեղծիքներից, մեր քրդական կուսակցությունն անցավ տասը տոկոսի շեմը», - նկատեց Կնյազ Հասանովը:

 

 

Թուրքիայի 25-րդ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել էր ձայների 40,85 տոկոսը (258 պատգամավոր), Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ 24,96 տոկոսը (132 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 16,28 տոկոսը (80 պատգամավոր) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը՝ 13,11 տոկոսը (80 պատգամավոր):