Հյուսիսատլանտյան դաշինքը շահագրգռված չէ սպառազինությունների նոր մրցավազքով եւ Ռուսաստանի հետ առճակատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 17-ի երեկոյան նորվեգացի լրագրողներին հայտարարել է Լեհաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար եւ Նորվեգիայի նախկին վարչապետ Ենս Ստոլտենբերգը:

 

«Մենք չենք ցանկանում սպառազինությունների մրցավազք, չենք ցանկանում առճակատում,- գլխավոր քարտուղարի խոսքը մեջբերել է Նորվեգիայի հեռագրական Բյուրոն:- Այն ժամանակ, երբ մենք պաշտպանում ենք Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը, Ռուսաստանը դուրս է գալիս դրանից»:

 

Լեհաստանի արեւմտյան մասում ներկայում ընթանում են ՆԱՏՕ-ի արագ հակազդման ուժերի Noble Jump զորավարժությունները: Դաշինքի գլխավոր քարտուղարը հունիսի 18-ին անձամբ պետք է այցելի Ժագան-Սվետոշուֆ զինափորձարան, որտեղ ընթանում են վարժանքները,

 

Ավելի վաղ The Wall Street Journal թերթի Էլեկտրոնային տարբերակում հրապարակված հոդվածում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը նշել են, որ Ռուսաստանի քաղաքականությունը մարտահրավեր Է Հյուսիսատլանտյան դաշինքի եւ «սառը պատերազմի» ավարտից հետո հաստատված աշխարհակարգի համար:

 

«Մեզնից հարավ «Իսլամական պետությունը» եւ մյուս ծայրահեղական խմբերը քաոս են սերմանում եւ ահաբեկչական գրոհների սադրում Փարիզից մինչեւ Տեխաս,- նշում Ստոլտենբերգը եւ Բրիդլավը: Արեւելքում Ռուսաստանն իր կամքը հարեւաններին Է պարտադրում առանց նրանց ինքնիշխանությունը հաշվի առնելու»: «Այս նոր եւ արագորեն փոփոխվող իրադրությունում ՆԱՏՕ-ն պետք Է արագորեն հակազդի եւ արագորեն իրագործի որոշումները»,- ընդգծում են նրանք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: