Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, երեկ Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնությունը և տասնյակ քաղաքացիներ հանրահավաք-երթից հետո հայտարարեցին, որ սկսում են նստացույց:

 

Ավելի ուշ համացանցում քննադատական ալիք բարձրացավ այն մասին, որ քաղաքական ուժերը չեն միացել նստացույցի մասնակիցներին:


ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանի հետ: Վերջինս տեղյակ չէր, որ Ազատության հրապարակում նստացույց է.

 

«Ես չգիտեմ նստացույցի մասին: Տեղյակ չեմ, որ նստացույց է, և ովքեր են, ինչի համար են անում»:

 

Մեր պարզաբանումից հետո, թե ովքեր են և թե ինչի դեմ են պայքարում, Բիշարյանն ասաց.

 

«Ավելի լավ, որ մնացել են: Մենք հանրահավաքին մասնակից ենք եղել, «Հայկական վերածնունդը» բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ միասին եղել է Ազատության հրապարակում:

 

Մենք կարծում ենք, որ հանրահավաքներին մասնակցությունը, բողոքի ձայնը, առաջարկությունները և հետևողական գործընթացները պետք է տանեն նրան, որ էլեկտրաէներգիայի սակագինը չթանկանա:

 

Եթե նկատել եք, առաջին օրն էլ հանձնաժողովի նիստին մասնակցել է Հովհաննես Մարգարյանը: Մենք փորձում ենք բոլոր գործիքները կիրառել»:

 

Հարցին, թե ի՞նչ արդյունք կտա նստացույցը, և արդյոք ՕԵԿ-ը կմիանա՞ նստացույցի մասնակիցներին, Բիշարյանն ասաց.

 

«Նստացույցն ինչ կտա՝ չեմ կարող ասել, տարբերակ է, բայց ոչ ցանկալի: Նստացույցը բողոքի հավաքը նախաձեռնողների որոշումն է, իրենց պետք է հարցնել՝ ինչ կտա նստացույցը:

 

Իրենք փորձում են իրենք խոսեն, իրենց ձեռքը վերցնեն վահանը: Մենք ոչ տեղյակ ենք, ոչ էլ գիտենք: Ես չգիտեմ՝ ինչ կտա նստացույցը:

 

«Հայկական վերածնունդը» նստացույցին միանալու հարց չի քննարկել: Մենք պատրաստ ենք բողոքի բոլոր ակցիաներին մասնակցել, որոնք ունեն սոցիալական շեշտադրում, բայց նստացույցի մասին մենք քննարկում չենք ունեցել և որոշում չունենք»: