Ադրբեջանում ներիշխանական նոր դիմակայություն է սկսվել Եվրոպայի Խորհրդում և Եվրամիությունում Ադրբեջանի նախկին ներկայացուցիչ, դիվանագետ Արիֆ Մամեդովի կողմից Facebook-ի իր էջում այդ երկրի Նախագահ Իլհամ Ալիևին ուղղված բաց նամակում «սեփական շրջապատը կեղտոտ մարդկանցից մաքրելու» մասին արած կոչից հետո: Ներիշխանական խմբավորումները սկսել են միմյանց դեմ օգտագործել «Արիֆ Մամեդովի խաղաքարտը»:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ը գրում է, որ Արիֆ Մամեդովին հանրությանը «դավադիր դեսպան» ներկայացնող իշխանամետ մեդիա-խմբավորումների կողմից նրան Սերբիայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովի և նախկին փոխվարչապետ Աբբաս Աբբասովի հետ կապելը ցույց է տալիս, որ այդ հարցն արդեն վերածվել է ներիշխանական խմբավորումների միջև պատերազմի:

 

Երկար տարիներ Էլդար Հասանովի հետ հակասություններ ունեցող ուժերն այժմ աշխատում են հարվածել նրան Արիֆ Մամեդովի խաղաքարտով: Ընդ որում՝ միակ փաստարկը, որով այդ ուժերը Արիֆ Մամեդովին կապում են Էլդար Հասանովի հետ, ժամանակին Գյանջայում նրա աշխատելու ժամանակ «դավադիր դեսպանի» հոր հետ «ջերմ» հարաբերություններ ունենալն է:

 

Թերթին հասած տեղեկություններով՝ ադրբեջանական իշխանությունը ծրագրում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների շեմին Արիֆ Մամեդովի հարցից «հեղաշրջման շոու» սարքել և այդ «շոուում» հարվածել որոշ բարձրաստիճան չինովնիկների:

 

Արիֆ Մամեդովն Ալիևին հղած բաց նամակում գրել էր այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունում որոշակի շրջանակի անձինք դիտավորյալ Արևմուտքի, Եվրոպայի Խորհրդի, Եվրամիության, այս անգամ՝ դեսպանների կեղծ դավադրություն են ստեղծում, որպեսզի արդարացնեն իրենց ոչնչի պետք չլինելը, և կոչ արել Նախագահի շրջապատը «մաքրել երկրի քաղցկեղային ուռուցք տականքներից»:

 

Ավելի վաղ իշխանամետ haqqin.az կայքը մի խումբ դիվանագետների մեղադրել է երկրի ղեկավարության դեմ դավադրության մեջ: Դրա համար հիմք է հանդիսացել Բաքվում բարձրահարկ բնակելի շենքում մայիսի 19-ին հրդեհից 15 քաղաքացիների զոհվելու հետ կապված պետական չինովնիկների ծախվածության և ապաշնորհության մասին Facebook-ում Արիֆ Մամեդովի գրառումը:

 

«Այդ ողբերգությունը յուրաքանչյուր ադրբեջանցու ցավն ու ողբերգությունն է: Ոչ մի ժողովուրդ չի հանդուրժի այդքան խայտառակություն և անարդարություն: Չինովնիկները միլիոններ են վաստակում մեր ժողովրդի տառապանքներից, և եթե նրանք չեն վախենում մեր ժողովրդի ցասումից, ապա թող վախենան Ալլահից»,- գրել էր Մամեդովը, որից հետո նրան շնորհազրկել էին: «Դավադիրների» թվում են հայտնվել նաև նրանք, ովքեր պաշտպանել էին Facebook-ում նրա այդ գրառումը: Որոշ ժամանակ անց նրանք բոլորը ազատվել են աշխատանքից, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն երես է թեքել Մամեդովից: Դիվանագետը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից և հայտարարել քաղաքական գործունեության և Ադրբեջանը ճգնաժամից հանելու գծով ծրագիր մշակելու մասին: