Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիային մասնակցած և առավոտյան Ոստիկանության կողմից բերման ենթարկված 36 քաղաքացիներ ենթարկվել են նարկոլոգիական հետազոտության: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի նարկոլոգիական կլինիկայի տնօրեն Պետրոս Սեմերջյանը, քաղաքացիները հանձնել են անալիզներ: «Ոստիկանությունը հերթով նարկոլոգիական կենտրոն է բերել քաղաքացիներին, ովքեր հանձնել են անալիզներ' փորձաքննության համար: Դրանց պատասխանները կլինեն 3-4 օրից»,- ասաց Սեմերջյանը:

 

 

Հասարակական կարգը խախտելու համար հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայից և Օպերային հարող տարածքից 237 քաղաքացի տարվել է ոստիկանության տարբեր բաժիններ: ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տևական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը: Միաժամանակ, հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել Հայաստանի Հանրապետության Նախագահը: Ոստիկանության կոչերը և խնդրանքները երթի կազմակերպիչների կողմից անտեսվել են: Ոստիկանությունը ջրցան մեքենայի օգնությամբ ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքողների հավաքը: