Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է շտապ անկողմնակալ և անկախ հետաքննություն ապահովեն ոստիկանության կողմից կիրառված անհամաչափ ուժի, ներառյալ՝ խաղաղ ցույցը ցրելու համար մարդկանց դեմ ջրցան մեքենա կիրառելու և մայրաքաղաք Երևանի փողոցներում վաղ առավոտյան ավելի քան 200 ցուցարար ձերբակալելու մասին հայտարարությունների վերաբերյալ: Այդ մասին ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:

 

 

Կազմակերպությունը նշում է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել 237 մարդու, իսկ հունիսի 19-ից էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի դեմ շարունակվող ցույցերին Երևանում և այլ քաղաքներում մասնակցել են հազարավոր ցուցարարներ, ներառյալ՝ նաև Գյումրիում, որտեղ 12 հոգի է բերման ենթարկվել:

 

 

«Հայաստանի իշխանությունների համար խաղաղ ցույցը ցրելը կոպիտ մարտավարություն է, որից պետք է խուսափել՝ արտահայտման և հավաքների իրավունքը պաշտպանելու համար: Տեսագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես են ջրցան մեքենաներից արձակվող հզոր շիթերը գետնին տապալում խաղաղ ցուցարարներին, մտահոգության պատճառ են»,- ասել է Amnesty International-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի գծով տնօրենի տեղակալ Դենիս Կրիվոշեևը:

 

 

«Եթե անգամ նախապես զգուշացումներ են արվել, ջրցան մեքենաներից արձակվող ջրի շիթերը կարող են վնասվածքներ պատճառել, և դրանք երբեք չեն կարող օգտագործվել խաղաղ ցուցարարների դեմ: Այս սարքավորումը, ըստ էության, անկանոն է աշխատում և կարող է վնասվածքներ հասցնել անցորդներին։ Որքան մեզ հայտնի է՝ Հայաստանի իշխանությունները հետաքննություն են իրականացնում ցուցարարների դեմ «խուլիգանության» վերաբերյալ, այլ ոչ ոստիկանության կոշտ արձագանքի: Խախտումների համար պատասխանատու բոլոր իրավապահ ուժերը պետք է պատիժ կրեն»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

Ականատեսներից մեկը պատմել է կազմակերպությանը, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծի են ենթարկել խաղաղ ցուցարարներին: Հայտարարության մեջ նշվում է, որ առավոտյան մոտ 5:30-ին ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել ցուցարարների դեմ: Դեպքի տեսագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է ջրցան մեքենան օգտագործվում հիմնականում խաղաղ ցուցարարների դեմ: Որոշ ցուցարարներ փորձում են խաղաղ կերպով կանգնել, բայց ջրցան մեքենան նրանց ուժգնությամբ հետ է գցում մարդկանց խմբի մեջ, մինչև ոստիկանները, որոնց մի մասը քաղաքացիական հագուստով է, բերման են ենթարկում ցուցարարներին: Ի պատասխան՝ որոշ ցուցարարներ ջրի շշեր են նետում ոստիկանության ուղղությամբ: Մինչ ջրցան մեքենայի կիրառումը բռնության մասին ոչ մի վկայություն չի եղել, նշում է կազմակերպությունը:

 

 

Ոստիկանությունն իր հայտարարության մեջ նշել է, որ քարեր են նետվել, և առնվազն յոթ ցուցարար և 11 ոստիկան է վիրավորվել: Ոչ մի լուրջ վնասվածքի մասին չի հաղորդվել:

 

 

Ոստիկանությունը և ականատեսներից մեկը հաստատել է, որ խաղաղ ցուցարարների հետ միաժամանակ ոստիկանների համար թիրախ են դարձել նաև լրագրողները: Չնայած նրան, որ լրագրողները ցույց են տվել մամուլի ներկայացուցչի տարբերանշանները, ոստիկանությունն առգրավել և վնասել է տեսախցիկները:

 

 

«Հայտարարությունները, որ ոստիկանությունը հատուկ թիրախավորել է լրագրողներին, մտահոգիչ են արտահայտվելու ազատության պաշտպանության համար, և նույնպես պահանջում են անկախ հետաքննություն»,- ասել է Դենիս Կրիվոշեևը: