Հայաստանի բոլոր մարզերում սեզոնային հիվանդությունների ֆոնը նորմայի սահմաններում է. համաճարակային իրավիճակ չկա: Լրագրողների հետ հունիսի 26-ին կայացած հանդիպմանը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերա հսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը: «Հանրապետությունում համաճարակային իրավիճակ չկա: Վերջին շրջանում Արմավիրում և այլ վայրերում գրանցված աղիքային թունավորումների դեպքերը իրար հետ փոխկապակցված չեն. դրանք ամեն տարի գրանցվող մշտական սեզոնային հիվանդություններն են, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են ընդամենը 1.06 անգամ, ինչը շատ չնչին ցուցանիշ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա՝ հորդորելով, որ աղիքային խանգարման առաջին իսկ նախանշանների դեպքում ոչ ոք չզբաղվի ինքնաբուժությամբ, այլ անհապաղ դիմի համապատասխան բժշկի օգնությանը:

 

Նա նկատեց, որ ամառվա ամիսներին աղիքային հարուցիչներն ավելի ակտիվ են բազմանում: «Այս ամիսներին բոլորը պետք է շատ ուշադիր լինեն հատկապես սննդի պահպանման հարցում, քանի որ բարձր ջերմաստիճանի պարագայում սննդամթերքն ավելի շուտ է փչանում: Բացի այդ' մենք ակտիվ պարզաբանում ենք իրականացնում հանրության շրջանում, որպեսզի մարդիկ գնեն միայն թարմ մրգեր, որոնք ջերմային մշակումից առաջ հոսող ջրի տակ շատ լավ լվանան' միաժամանակ ուշադրություն դարձնելով ձեռքերի հիգիենային, ինչը շատ կարևոր է»,-շեշտեց Նունե Բակունցը:

 

 

2015 թվականի հունիսի 16-ից Արմավիրի մարզում արձանագրվել էին աղիքային վարակների դեպքեր: Աղիքային գանգատներով Ջրաշեն համայնքից Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված 4-ամյա աղջնակը մահացել, իսկ նույն օրը Նորապատ համայնքի 5-ամյա մի տղա, աղիքային գանգատներով և ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: