«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հայտնի առաջնորդներից մեկը' Աբդալա Մուհամեդ Խորանին, որը պատախանատու էր Մոսուլ քաղաքի մի մասի բոլոր գործողությունների համար, միջազգային կոալիցիայի ավիահարվածի արդյունքում սպանվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»' հղում անելով իրանական հեռուստաընկերությանը:

 

Ռմբակոծության ժամանակ զոհվել են ԻՊ-ի 10 գրոհայիններ, որոնք ուղեկցում էին Խորանիին:

 

Վերջին 2 տարում Իրաքի և Սիրիայի տարածքների մեծ մասը գրաված ԻՊ-ը դարձել է համաշխարհային կարևոր խնդիրներից մեկը: Ամերիկյան ԿՀՎ-ի տվյալներով' ահաբեկչական խմբավորման մեջ մտնում են մոտ 30 հազար գրոհայիններ: Գրաված տարածքներում խմբավորումը հռչակել է խալիֆայություն և ձգտում է ընդլայնել ձեռքբերումները: Մայիսին զինյալները գրավեցին Անբարի վարչական կենտրոն Էր- Ռամադի ռազմավարական կարևոր քաղաքը, որը գտնվում է Բաղդադից մոտ 150 կմ հեռավորության վրա:

 

Ներկայումս ահաբեկիչների իշխանության տակ է գտնվում Անբարի մարզի զգալի հատվածը, ինչպես նաև Նեյնավա հյուսիսային մարզը' իր Մոսուլ վարչական կենտրոնով: Մայիսի վերջին իրաքյան բանակը և կամավորների ջոկատները հակահարձակում սկսեցին Անբարի ազատագրման համար: