Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին խաղում «Ֆոլգորեի» դեմ կայանալիք խաղի մասին և նշել, որ մեր ֆուտբոլիստները խաղալու են հաղթանակի համար:

Գլխավոր մարզիչը, մասնավորապես, նշել է. «Ամբողջ լրջությամբ պատրաստվում ենք, հասկանում ենք, որ «Ֆոլգորեին» պետք է անցնենք, եթե չանցնենք, ինչ-որ չափով ցույց կտանք, որ պատրաստ չենք այս կարգի մրցաշարում հանդես գալուն: Խաղալու ենք հաղթանակի համար: Մրցակցի խաղը նայել ենք, նրանց ամենաուժեղ կողմը որակն է: Համոզված եմ՝ արագությունով նրանք մեզ կզիջեն և ամեն ինչ կանենք, որ չկարողանան դիմակայել մեր արագությանը: Թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն տղաները պատրաստ են մարտական:

Արդյոք նորեկներից կլինեն մեկնարկային կազմում, ցույց կտա վերջին մարզումը: Համալրումներ կլինեն, թե չէ, կախված կլինի, թե ինչպես «Փյունիկը» կանցնի այս մրցաշարը, կսրծում եմ՝ մեկ համալրում կարող է լինել: Դրա մասին չեմ ցանկանում նորից խոսել, որովհետև կուզենայի՝ այդ ամենը լինի, նոր դրա մասին խոսեմ: Հույսս միայն դնում եմ այս տղաների վրա, քանի որ նրանք են իմ տրամադրության տակ»:

Հիշեցնենք, որ թիմերի միջև հանդիպումը տեղի կունենա վաղը, Հանրապետական մարզադաշտում:

Ավելի ուշ տեղի կունենա նաև «Ֆոլգորեի» գլխավոր մարզիչ Նիկոլա Բերարդիի նախախաղային մամուլի ասուլիսը: