Պարզվում է' իտալացիներից նույնիսկ պիցցա վաճառողները ֆուտբոլ խաղալ գիտեն: Այս մասին Չեմպիոնների լիգայի «Փյունիկ»-«Ֆոլգորե» հանդիպումից հետո ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը' անդրադառնալով խաղին:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց Սան Մարինոյի չեմպիոնին' «Ֆոլգորեին»: Մեր թիմի կազմում գոլ հեղինակեցին Վարդգես Սաթումյանը և Սեզար Ռոմերոն:

«Մեր թիմի ելույթը շատ վատ եմ գնահատում: Ես զարմանում եմ, որ գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը, ում ես շատ եմ հարգում, իսկական պրոֆեսիոնալ է, գոհ է մնացել խաղից: Ինձ թվում է, որ մրցակցի նկատմամբ այդուհանդերձ ինչ-որ արհամարհանք կար: Ճիշտ է' խաղը շատ ակտիվ սկսեցին' պրեսինգով, և երևի մտածում էին, որ առաջին 20 րոպեում կարող են վճռել խաղի ելքը և այդպես էլ ընթանում էր, բայց հետո միանգամից թևաթափ եղան: Ուղղակի զարմանալի է: Նրանք էլ են ասում, որ իրենք սիրողական թիմ են: Պարզվում է' իտալացիները, իսկ Սան Մարինոյի թիմում հիմնականում իտալացիներ են, նույնիսկ պիցցա վաճառողները ֆուտբոլ խաղալ գիտեն»,- ասաց Բաղդասարյանը:

Նշենք, որ հետխաղյա ասուլիսի ժամանակ Սան Մարիոնոյի թիմի գլխավոր մարզիչ Նիկոլա Բերարդին նշեց, որ երևանյան թիմն իրենցից ավելի ուժեղ էր, իսկ Սարգիս Հովսեփյանը հայտնեց, որ գոհ է մեր թիմի խաղից:

Հավելենք, որ թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 7-ին, Սան Մարինոյում: